ԱՄՆ Պետդեպարտամենտ. ՀՀ իշխանությունները պետական ռեսուրսն օգտագործում են իշխող կուսակցությանն աջակցելու համար
ՀՀ իշխանությունները պետական ռեսուրսն օգտագործում են իշխող ՀՀԿ կուսակցությանն աջակցելու համար, ասվում է 2015 թ. մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում:
ՙՄյուս խնդիրների թվում են՝ ֆավորիտիզմի նպատակով տնտեսական և քաղաքական լծակների օգտագործումը, իրավապահ և դատական համակարգերում կոռուպցիան, դատարանների մասնակի անկախությունը: Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ տեղական և միջազգային դիտորդները, քաղաքացիական հասարակության անդամները և լրագրողներն արձանագրել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ բազմակի քվերակություն, քվեաթերթիկների լցոնում, իշխանության ներկայացուցիչների կողմից ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների և դիտորդների ահաբեկում՚,- նշվում է Պետդեպարտամենտի զեկույցում:
Ըստ որում, զեկույցը կազմած փորձագետները մատնանշել են բանակում կասկածելի մահվան փաստերը՝ նշելով, որ զինվորների նկատմամբ վատ վերաբերմունքը շարունակում է անպատիժ մնալ:
ՙՏեղեկություններ կան ոստիկանությունում ցուցմունք կորզելու, բանտարկյալների սանիտարական և բժշկական վատ պայմանների մասին: Ավելին. ԶԼՄ-ներոմ զգացվում է բազմակարծության պակաս: Լրատվամիջոցների մեծ մասն արտահայտում է կառավարության կարծիքները, պահպանվում է ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննությունը՚,- նշվում է զեկույցում:
Պետդեպարտամենտն անդրադարձել է նաև 2008 թ. մարտի 1-ի դեպքերին՝ ընդգծելով, որ 10 մարդու մահվան համար մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել:
ՙՀունվարի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով 4 մարդ է ձերբակալվել, սակայն մինչև հիմա դատավճիռ չի կայացվել՚,- նշվում է զեկույցում:
Նշվում է նաև, որ չնայած ապացույցների առկայությանը, ապրիլի 17-ին Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է Վանաձորի բնակիչ Անի Բոշյանին ոստիկանությունում ծեծելու, ծաղրի ենթարկելու և ինքնասպանության փորձի հասցնելու փաստի առնչությամբ գործը: