Քաղաքապետն անսպասելիորեն մտահոգվել է Երևանի կառուցապատման խնդիրներով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա են գտնվել Երևանի գլխավոր ճարտարապետը, «Երևաննախագիծե ինստիտուտի տնօրենը, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի աշխատակիցները: Խորհրդակցության օրակարգում քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառում 2015թ. հիմնական բացթողումներն ու հետագա գործողություններն էին: Քաղաքապետը հերթական անգամ, որպես առաջնահերթություն, բարձրացրել է Երևանի պատմամշակութային շենքերի ժառանգության և դրանց պահպանման խնդիրը:
«Այս օրերին մամուլում կարդում եմ քաջ և նվիրված մեր երիտասարդների մեկնաբանությունները Երևանի հին շենքերի պահպանման մասով և մեծ հույսով եմ լցվում, ուրախանում, որ անտարբեր չեն: Ուրախանում եմ, որ ոչ միայն սոցցանցերում նստած մեկնաբանություն են գրում, այլև պայքարում են ամեն մի քարի պահպանման համար: Բայց իրար մեղադրելով հարցեր չեն լուծվում, ու որպես միջնորդ, այս դեպքում, պետք է գործի քաղաքապետարանը: Իսկ ի՞նչ եք անում դուք այս օրերին. մեր մասնագետների կցկտուր և խուսափողական պատասխաններն ավելի շատ անորոշություն են մտցնում՚,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև սրտացավ վերաբերմունք է պահանջել ոլորտի պատասխանատուներից, ովքեր իրենց լիազորությունների շրջանակում ոչ միայն կարող են, այլև պարտավոր են կառուցապատողներից պահանջել բացառել Երևանի արտաքին տեսքն աղավաղող և մայրաքաղաքի ճարտարապետությանը ոչ հարիր կառույցների նախագծեր պատվիրելը: Ընդ որում, անընդունելի մոտեցումները պետք է բացառվեն բոլոր վարչական շրջաններում. ինչն անթույլատրելի է կենտրոնում, թույլատրելի չէ նաև ծայրամասերում: «Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք պատվիրատուի ներկայացուցիչն եք քաղաքապետարանում, այլ ոչ թե քաղաքի շահերը ներկայացնողը: Ճարտարապետն այն մարդն է, ով պետք է հետք թողնի պատմության մեջ: Այսպիսի՞ հետք եք ուզում թողնել ձեզանից հետո: Մեկընդմիշտ հիշեք, որ քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երևանի հաշվին: Եվ հետո, Երևանի քաղաքապետարանը նախագծային գրասենյակ չէ ձեզ համար, որ թղթաբանությունն ավարտեք ու տուն գնաք: Փոխե՛ք ձեր մոտեցումները: Եղե՛ք պահանջկոտ ու սկզբունքային պատվիրատուների հետ՚, - ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ թե՛ ինքը և թե՛ Երևանի քաղաքապետարանը երբեք չեն խուսափել պատասխանատվությունից, բայց անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել, որ քաղաքաշինական բազմաթիվ խնդիրներ, տրամադրված շատ շինթույլտվություններ և ներկայում խնդրահարույց բազում որոշումներ ոչ թե այսօրվա արդյունք են, այլ մի քանի տասնամյակի ընթացքում են կուտակվել: Եվ, որ ամենացավալին է, իրավական տեսանկյունից այսօր շատ դեպքերում Երևանի քաղաքապետարանը հնարավորություն չունի վիճարկել այդ որոշումները: Ըստ այդմ, քաղաքապետը հանձնարարել է առավելագույն հրապարակայնություն ապահովել այս հարցերում:
Մինչդեռ չի կարելի չնշել այն փաստը, որ վերջին տարիներին սուր է դրվել Հին Երևանի, ինչպես նաև մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող՝ խորհրդային շրջանի կառույցների ոչնչացման հարցը: 2015 թ. վերջին մայրաքաղաքի քաղաքապետարանը ՙԶվարթնոց՚ օդնավակայանի հին շենքի օղակաձև էստակադայի ոչնչացման թույլտվություն տվեց: Փորձագետները, այդ թվում՝ Հայաստանի ճարտարապետների միության ղեկավարը, բազմիցս նշել են, որ ՙԶվարթնոցի՚ հին շենքը պետք է ամբողջությամբ պահպանվի:
2016 թ. սկիզբը ևս նշանավորվեց Երևանի պատմական դեմքը պահպանելու հետ կապված սկանդալով: Արամի -30 հասցեում հին շենքի քանդումը, ինչպես նաև XIX դարի արական գիմնազիայի շենքի ճակատային մասի լուրջ վնասումը բողոքի ալիք բարձրացրեց: Բազմիցս նշվել է, որ Հայաստանի անկախության տարիներին Երևանում ակտիվացել է հին շենքերի ոչնչացման գործընթացը: Փորձագետները համակարծիք են, որ Հին Երևանն, իրոք, բիզնես շահերի զոհ է դարձել:
Չնայած բողոքի բազմաթիվ ակցիաներին՝ 2014 թ. ապամոնտաժվեց ավելի քան 100-ամյա պատմություն ունեցող և հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տունը: Աֆրիկյանների տունը նախատեսվում է վերականգնել ՙՀին Երևան՚ նախագծի շրջանակներում:
Աղմկահարույց դեպքերից մեկը վերաբերում էր Փակ շուկային, որի արտաքին տեսքը փոփոխվեց շինարարական աշխատանքների ընթացքում: Փակ շուկայի համար պայքար էր տարվում 2012-2013 թթ: Արդյունքում վերջինիս տարածքում սուպերմարկետ բացվեց:
Անորոշ է մնում նաև Երիտասարդական պալատի /Կուկուռուզնիկ/ հետ կապված իրավիճակը: 2006 թ. այդ շենքն ապամոնտաժվեց՝ ՙվթարայնության՚ պատճառով: Հիշյալ տարածքի կառուցապատման՝ 2009 թ. հայտարարված միջազգային մրցույթում հաղթեց ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արային (Arai Architects ընկերություն): Նրա նախագիծը ներառում է 5-աստղանի Inter Continental հյուրանոց, ինչպես նաև միջազգային բիզնես կենտրոն և բնակելի համալիր: Նախագիծը մինչ այժմ չի իրականացվել: Փոխարենը, ճարտարապետների տեղեկությունների համաձայն, ՙԿուկուրուզնիկի՚ տեղում բազալտի հանքավայր է մշակվում: