Մոսկվա. Ռուսաստանի ԱԳՆ մինչ օրս Ադրբեջանի բողոքի նոտայի բնօրինակը չունի
Ռուսաստանի ԱԳՆ մինչ օրս Ադրբեջանի բողոքի նոտայի բնօրինակը չունի: Փետրվարի 25-ին այդ մասին հնայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ավանդական ճեպազրույցում մեկնաբանելով Հայաստանին սպառազինության վաճառքի առնչությամբ Ադրբեջանի բողոքի նոտան:
«Այսօրվա դրությամբ ԱԳՆ տրամադրության տակ այդ փաստաթղթի միայն պատճենն է, որն ստացվել է փետրվարի 24-ին` էլեկտրոնային փոստով: Կցանկանայի ճշտել, թե ինչու մենք միշտ հատկապես ընդգծում ենք, թե արդյոք ունենք փաստաթղթի բնագիրը: Դիվանագիտական փորձի մեջ գոյություն ունի գործընկերների հետ հաղորդակցության ավանդական կարգ: Խոսքն այն մասին է, որ պետք է տրամադրվեն փաստաթղթերի բնագրերը, որոնց վրա պետք է աշխատենք», - նշել է Զախարովան:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ադրբեջանական կողմին արդեն համապատասխան տեղեկատվություն է տվել դիվանագիտական խողովակներով:
«Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություներով, նրա հետ զարգացնում է նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություը, որը մենք վարում ենք թափանցիկ` առանց որևէ բան թաքցնելու: Ակնկալում ենք, որ հանրահայտ փաստն ըմբռնումով կընկալվի Ադրբեջանում: Ընդ որում, սպառազինության ցանկացած մատակարարում ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամանական Ադրբեջանին մենք իրականացնում ենք` հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը պահպանելու անհրաժեշտությունը», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Դիվանագետի ասելով, ընդհանուր առմամբ, զենքի մատակարարման հարցերում Ռուսաստանը անշեղորեն հետևում է իր ստանձնած միջազգային պարտավորություններին, գործում արտահանման վերահսկողության ազգային համակարգի կոշտ շրջանակում, որն ամրագրված են Ռուսաստանի դաշնային օրենսդրությամբ և համապատասխան օրենսդրական ակտերում, վերջինը, ի թիվս մյուսների, ենթարդում է վերջնական օգտագործողի սերտիֆիկատի պարտադիր ձևակերպում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի նման հայտարարությունները երկու ինքնիշխան պետությունների` Ռուսաստանի և Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ են, Զախարովան նշել է, թե այդպես չի կարծում: «Ես կարծում եմ, որ ցանկացած հարևան պետություն իրավունք ունի հետաքրքրվել, թե ինչպես են ապրում, ինչով են
շնչում, ինչից են ելնում հարևան պետությունները: Իհարկե, ռազմատեխնիկական համագործակցության բնագավառը միշտ էլ նուրբ, հարևան պետությանը հուզող հարց է: Հենց այդ պատճառով մենք այդ համագործակցությունը վարում ենք բացահայտ, թափանցիկ, դիվանագիտական խողովակներով արբեջանական կողմին տրամադրում ենք ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը», - եզրափակել է ռուսաստանցի դիվանագետը:
Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 մլն դոլարի վարկային համաձայնագրի տեքստի համաձայն, հանրապետության ԶՈՒ ձեռք կբերեն 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ), Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ), Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր, «Տիգր» զրահամեքենաներ, տանկային Վ-84 շարժիչ, հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ), 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ-26 «Ագլեն» հակատանկային ռեակտիվ նռնականետ, ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶ» մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ):
Արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման շուրջ 2015 թվականին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Իսկ կանխավճարը կկազմի 10%։ Այդպիսով, հաշվի առնելով ռուսական արժույթի արժեզրկումը, ինչպես նաև հանրապետության ՀԱՊԿ անդամությունը, ինչը թույլ է տալիս զենք գնել Ռուսաստանի ներքին գներով, 200 մլն դոլարով հակամարտության հայկականն կողմերը կարող են ձեռք բերել անսահմանափակ քանակությամբ ռուսական զենք:
Այդ առնչությամբ ԱՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը փետրվարի 24-ին հայտարարել էր, թե Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` Հայաստանին սպառազինություն վաճառելու առնչությամբ: