Կանխատեսում. Բաքուն կարող է փորձել դուրս գալ բարդ քաղաքական իրավիճակից` խաղարկելով «ղարաբաղյան» կամ քաղաքական իսլամի խաղաթուղթը
Ծանր ներքաղաքական և արտաքին քաղաքական պայմաններում, որոնցում հայտնվել է Ադրբեջանը, Բաքվի ռեժիմը կարող է խաղարկել դեռ իր տրամադրության տակ գտնվող երկու հիմնական քաղաքական խաղաթղթերից մեկը, կարծում է Հարավային Կովկասի գծով բրիտանացի մասնագետ Թոմաս դե Վաալը:
«Առաջինը` Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծումն է` գործող ռեժիմի շուրջ ադրբեջանցի ժողովրդին համախմբելու նպատակով: Երկրորդը` քաղաքական իսլամի խաղաթուղթն է` աշխարհիկ ռեժիմից հրաժարվելու միջոցով: Թե մեկը, թե մյուսը կհանգեցնի աղետալի հետևանքների ինչպես տարածաշրջանում, այնպես էլ բուն Ադրբեջանում», - նշել է նա:
Քարնեգի-Եվրոպա կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում Դե Վաալը քաղաքական իսլամը գնահատում է որպես միանգամայն կանխատեսելի երևույթ, նշելով, որ Ադրբեջանում աշխարհիկ և արևմտամետ քաղբանտարկյալներին առնչվող խնդիրները մեծ ուշադրության են արժանանում արտասահմանում: Ընդ որում, կալանավորների մեծ մասը մահմեդականներ են, շիաներ` Նարդարանից, որոնք մեղադրվում են Իրանի նկատմամբ համակրանքի համար, կամ` սուննիներ, որոնք մեղադրվում են «Իսլամական պետության» հանդեպ համակրանքի համար: Նրանք մեղադրվում են քաղաքական արմատականության համար: «Մինչդեռ գաղտնիք չէ, որ ինչպես Մերձավոր արևելքի երկրների մեծ մասում, որքան ավելի շատ է ճնշվում քաղաքական իսլամը, այնքան ավելի հրապուրիչ է այն դառնում», - նշում է դեդ Վաալը:
Վերլուծաբանը նշում է, որ Ադրբեջանում առլա լարված ներքաղաքական իրավիճակը զարգանում է լուրջ միջազգային և տարածաշրջանային խնդիրների ֆոնին, հաշվի առնելով, որ Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները շարունակում են վատանալ, հատկապես, Ադրբեջանում «գունավոր հեղափոխություններ նախապատրաստելու» համար ԱՄՆ–ին հասցեագրված ռեժիմի մեղադրանքներից հետո:
Բաքվին ավելի բարդ վիճակի մեջ է դրել առճակատումը Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում: Իսկ Իրանի նկատմամբ Արևմուտքի «միջուկային» պատժամիջոցների վերացումը, որը բազմաթիվ տարաձայնություններ ունի Բաքվի հետ, Ալիևի ռեժիմին ոչ մի լավ բան չի խոստանում: «Ավելին, Հայաստանով դեպի Վրաստան իրանական նավթի նախանշվող մատակարարումները ի սպառ վերջ կդնեն Ադրբեջանի էներգետիկ մենաշնորհին», - ամփոփել է բրիտանացի վերլուծաբանը: