Էդուարդ Շարմազանով. Թուրքիան, որդեգրելով «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը, հասավ «զրո հարեւան եւ բազմաթիվ խնդիրներ» իրողությանը
Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպումներ է ունեցել Հունաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի եւ «Նոր ժողովրդավարություն» խմբակցության անդամ, Հունաստանի խորհրդարանի նախկին նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի հետ:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-հունական ավանդական բարեկամական կապերի ներկայիս մակարդակը: Նա հույս է հայտնել, որ միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները հետայսու եւս կշարունակեն զարգանալ: Կողմերը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի, ինչպես նաեւ խորհրդարանական տարբեր հարթակներում փոխգործակցության անհրաժեշտությունը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլին` ԱԺ փոխնախագահը նշել է. «Մենք կարծում էինք, որ Թուրքիան, որդեգրելով «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը, իսկապես փորձում էր կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Սակայն ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, Թուրքիան հասավ «զրո հարեւան եւ բազմաթիվ խնդիրներ» իրողությանը»: Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանները` նշելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: «Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն ու ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ անթույլատրելի են», - նշել է ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը հույն գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան: