Ղարաբաղի պատգամավորները ԵԽԽՎ-ին կոչ են արել զերծ մնալ տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը վտանգող փաստաթղթերի ընդունումից
ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ԵԽԽՎ-ին կոչ են արել զերծ մնալ տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը վտանգող փաստաթղթերի ընդունումից:
Խորհրդարանականները նշել են, որ Ղարաբաղյան կողմը միշտ էլ պատրաստակամ է եղել միջազգային կառույցների հետ համագործակցության հարցերում, սակայն անընդունելի է համարում միակողմանի եւ կանխակալ զեկույցներն ու դրանցում տեղ գտած ձեւակերպումները: «Ակնհայտ է, որ նշված զեկույցները եւ նախագծերը՝ ԵԽԽՎ նորմերի եւ սկզբունքների խախտմամբ, կազմվել են միայն մեկ՝ ադրբեջանական կողմի տեսակետների հիման վրա՝ հաշվի չառնելով հայկական կողմերի առաջարկությունները եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային միջնորդ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշումը», - ասվում է հայտարարությունում:
Հայտարարության հեղինակների համոզմամբ, ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գծում լարվածության աճի ֆոնին Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքը սատարող բանաձեւերի ընդունումը Բաքվի իշխանություններին ոչ միայն հնարավորություն կտա շարունակել լարվածության նվազեցման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների անտեսումը, այլեւ կարող է ընկալվել որպես հակամարտությունը ուժային մեթոդներով լուծելու քարտ-բլանշ։ «Ցանկացած կողմնակալ, միջազգային միջնորդների հետ չհամաձայնեցված գործողություն կարող է խախտել այն փխրուն հավասարակշռությունը, որը ներկայիս լարված իրավիճակը բաժանում է լայնամասշտաբ պատերազմից», - նշվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում ներառվել են երկու հակահայկական փաստաթղթեր` բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցը և Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցը: Դրանք ներառում են տարբեր ձևակերպումներ, որոնք հակասում են հայկական կողմի դիրքորոշմանը: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգից այդ երկու զեկույցների հանմանը նպատակաուղղված հայկական պատվիրակության ջանքերն անհաջողության են մատնվել, չնայած Մինսկի միջնորդների այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հիմնահարցին առնչվող փաստաթղթեր քննարկելիս միջազգային կառույցները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: