IFC-ն 50 մլն դոլար է հատկացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ բանկի կապիտալն ավելացնելու և ֆինանսական միջոցների հասանելիությունն ընդլայնելու նպատակով
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրել Հայաստանում խոշորագույն բանկը հանդիսացող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է IFC երևանյան գրասենյակից, վարկը տրամադրվել է բանկի կապիտալն ավելացնելու, երկրի տնտեսվարող սուբյեկտների վարկավորման հնարավորությունները և ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու, տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով:
Աղբյուրը նշում է, որ երկարաժամկետ կապիտալ տրամադրելով՝ IFC-ն նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի բանկային ոլորտի կայունությունը և օժանդակել Ամերիաբանկի՝ իր արժեքավոր գործընկերոջ ռազմավարական նպատակների իրագործմանը: Հաշվի առնելով Ամերիաբանկի կորպորատիվ կառավարման համակարգի բարձր որակը ու աճի արագընթաց տեմպերը՝ IFC-ի կողմից տրամադրված ստորադաս փոխառությունը կնպաստի բանկի զարգացմանը և թույլ կտա նախապատրաստվել նախնական հրապարակային առաջարկին (IPO): «Մեզ համար մեծ պատիվ է IFC-ի վստահությունը վայելել: Այս գործարքը որակի բացարձակապես նոր մակարադակ է խորհրդանշում մեր բանկի համար այս շուկայում գործելիս։ Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը բազում նոր հնարավորություններ կստեղծի մեր կազմակերպությունների և Հայաստանի բանկային հատվածի համար»,- նշել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:
IFC Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Տոմաշ Տելման իր հերթին նշել է. «Կապիտալ տրամադրելով Հայաստանում մեր հիմնական գործընկեր բանկերից մեկին՝ մենք սատար ենք կանգնում նրա զարգացման ռազմավարության և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: Այս գործակցությունը Հայաստանի բանկային հատվածի կայունությանը բարձրացմանն ուղղված մեր նախաձեռնություններից է, որը ընդհանուր տնտեսական զարգացման համար վճռորոշ նշանակություն ունի»:
Նշենք, որ հունվարի 21-ին տեղի ունեցավ ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի համատեղ մամուլի ասուլիսը, նվիրված Ամերիաբանկի կապիտալին ՎԶԵԲ-ի մուտքին` 40 մլն.դոլար (20 մլրդ դրամ) ուղղակի ներդրման ճանապարհով, որը տեղի կունենա մի քանի փուլով: Սկզբում կտրամադրվի 30 մլն.դոլարը (15 մլրդ.դրամ), ստանալով Ամերիաբանկի բաժնետոմսերի 20.6%-ը, իսկ մնացած 10 մլն.,դոլարը նույնպես նախատեսվում է կապիտալի ավելացմանը, բայց`ապագայում: Նշված միջոցները IFC-ի սուբորդինացված վարկի հետ միասին մի քանի անգամ կբարձրացնեն Ամերիաբանկի ֆինանսական կարողությունները Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտների վարկավորման ընթացքում:
Հայաստանն անդամակցել է IFC–ին 1995թվականից: Այդ ընթացքում IFC-ի երկարաժամկետ ներդրումային պարտավորությունները կազմել են 233 միլիոն ԱՄՆ դոլար, ներառյալ 22.8 միլիոն ԱՄՆ դոլար՝ մոբիլիզացված այլ վարկատուներից: Այդ գումարի շրջանակներում IFC-ն ֆինանսավորել է 42 ծրագիր մի շարք ոլորտներում՝ ներառյալ ֆինանսական շուկաները, արտադրությունը, գյուղատնտեսությունը, ծառայությունները և հանքարդյունաբերությունը։ Առևտրի ֆինանսավորման իր ծրագրի միջոցով IFC-ն աջակցել է նաև 122 միլիոն դոլարից ավել արժեքով առևտրային գործարքների։ ՄՖԿ իրականացրել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։ Համաշխարհային Բանկի Խմբի անդամ հանդիսացող IFC–ն գլոբալ զարգացման ամենամեծ հաստատությունն է, որը զբաղվում է բացառապես մասնավոր հատվածով։ IFC-ն աշխատում է մոտ 2000 մասնավոր ձեռնարկությունների հետ, օգտագործելով իր կապիտալը, փորձառությունն ու ազդեցությունը և օգնելով ստեղծել նոր հնարավորություններ այնտեղ, որտեղ կա դրանց կարիքը: 2015 ֆինանսական տարում IFC-ն տրամադրել է ավելի քան 18 միլիարդ դոլարի ֆինանսավորում զարգացող երկրներում գործող տնտեսվարող սուբյեկտներին՝ օգնելով նրանց կատարել մի շատ կարևոր դեր՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը և խթանել համընդհանուր բարգավաճումը։
Հիշեցնենք, որ Ամերիաբանկը շուկայի առաջատարն է ակտիվների չափերով, վարկային ներդրումներով, պարտավորություններով, այդ թվում նաև ժամկետային և ցպահանջ ավանդներով: Բանկի կապիտալին ՎԶԵԲ-ի մուտքի և համապատասխան զգալի ներարկումների արդյունքում Ամերիաբանկը կարող է առաջատար դառնալ նաև ընդհանուր և կանոնադրական կապիտալի չաթերով: Առայժմ, մինչև բանկի կապիտալին ՎԶԵԲ-ի մասնակցության ձևակերպումը, Ամերիաբանկի միակ բաժնետերն է «Ամերիա Գրուպ» - ը, որը ներկայումս տիրապետում է բանկի 100% կապիտալին: Ամերիաբանկը լիարժեք լուծումներ է տրամադրում կորպորատիվ, մանրածախ և ներդրումային բանկինգի ոլորտում, ինչրես նաև շարունակում է ներդրումներն առաջակարդ տեխնոլոգիաներում և հաճախորդների սպասարկման համակարգում: Բանկն ունի բազմաթիվ միջազգային պարգևներ, այդ թվում՝ «Euromoney» (2014, 2012, 2011), «Global Finance» (2015, 2012, 2013) և «The Banker/FT» (2015, 2013, 2010) հեղինակավոր ամսագրերի մրցանակները: