ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայության պատասխանը
ԱՄՆ մարդասիրական աջակցության ծավալներն արտացոլում են մի շարք գործոններ և որոշվում են ԱՄՆ կոնգրեսի կողմից՝ աշխարհին ուղղվող մեր ընդհանուր աջակցության նպատակների համատեքստում: Սա նկատի ունենալով՝ ուզում ենք հստակություն մտցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ցուցաբերվող աջակցության հարցում:
- ԱՄՆ կոնգրեսի որոշմամբ 1998թ. ի վեր Միացյալ Նահանգները մարդասիրական աջակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին որևէ օժանդակություն չի ցուցաբերվում:
- 2002թ. ի վեր ԱՄՆ կառավարությունը տարեկան մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերի իրականացման համար, որոնք ուղղված են եղել ականազերծման աշխատանքներին, բնակֆոնդի ու դպրոցների վերանորոգմանը, առաջնային առողջապահությանն ու գյուղատնտեսությանը: Վերջին շրջանի ֆինանսավորումը բացառապես ուղղված է եղել ականազերծման աշխատանքներին և միջոցները միշտ հատկացվում են աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին՝ ուղղակիորեն:
- Քանի դեռ Կոնգրեսի կողմից այլ բան չի նախանշվում, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել ականազերծման աշխատանքների իրականացմանը Լեռնային Ղարաբաղում այնքան ժամանակ, մինչև ականներն ամբողջովին վնասազերծվեն: