Սյունիքում «Նոր Հայաստանի՚ հանդիպումները տեղի են ունենում սադրանքի փորձերի պայմաններում
2015 թ. դեկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի և ժողովրդի վստահության կառավարության կազմավորման օրակարգով հանրապետության տարածքում անցկացվող քաղաքացիական ժողովների շրջանակում «Նոր Հայաստան՚ ճակատի Կապանում կազմակերպված հավաք-հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետի խորհրդականի և Կապանի քաղաքապետի գլխավորությամբ մի խումբ անձինք պարբերաբար փորձել են խոչընդոտել հանդիպումը և սադրել նրա մասնակիցներին: Այս մասին ասվում է «Նոր Հայաստան՚ հանրային փրկության ճակատի հայտարարության մեջ:
ՙՀանդիպմանը ներկա մի քանի տասնյակ ոստիկանները հանցավոր անգործություն են դրսևորել, թեպետ հանդիպման մասնակիցները բազմիցս դիմել են նրանց՝ հորդորելով օրենքով սահմանված կարգով ապահովել խաղաղ հավաքի անվտանգությունն ու ընթացքը՚,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ դեկտեմբերի 16-ից ՙՆոր Հայաստանը՚ ընտրողների հետ հանդիպումներ է սկսել Հայաստանի տարբեր մարզերում: Շարժման անդամները մտադիր են համախմբել հայ հասարակությանը և քաղաքացիական անհնազանդության ակցիաների միջոցով հասնել նախագահի հրաժարականին: