Արամ Մանուկյանն իշխանություններին խորհուրդ է տալիս հրաժարվել գյուղական համայնքների խոշորացման գաղափարից
Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նոյեմբերի 12-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ իշխանություններին առաջարկել է հրաժարվել գյուղական համայնքների խոշորացման գաղափարից: Նա, մասնավորապես, նշել է, որ գյուղական համայնքների միավորման շուրջ հանրաքվեներում չմասնակցածների թիվը մի քանի անգամ գերազանցել է կողմ քվեարկածների թիվը: «Չի կարելի միավորել համայնքները, քանի որ այդ գյուղերի բնակիչները միմյանց չեն սիրում, տարբեր են նրանց մշակութային արժեքներն ու հայացքները, ինչը կարող է հանգեցնել կոնֆլիկտների», - նշել է Մանուկյանը:
Ընդ որում, հաշվի առնելով Սյունիքում մասնակցկության բարձր մակարդակը, նա առաջարկել է այդ մարզում համայնքների խոշորացման ծրագիրը թողնել որպես փորձնական, և հետևել մարզի զարգացմանը: «Եթե դուք կարծում է, թե Սյունիքում ժողովրդավարություն է տիրում, իսկ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ժողովրդավար է, ապա ես ասելու ոչինչ չունեմ», - նկատել է նա:
ԿԸՀ տվյալների համաձայն, համայնքների խոշորացման շուրջ հանրաքվեի արդյունքներով Տավուշի և Լոռու բնակիչները դրան հավանություն չեն տվել: «Կողմ» են քվեարկել միայն սակավաբնակ Սյունիքի մարզում:
Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում շարունակվել են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների շուրջ լսումները, որոնք նպատակաուղղված են մի շարք համայնքների խոշորացման փորձնական ծրագրի իրագործմանը: