Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ. Ռուսաստանի ազգային շահերից ելնելով՝ ղարաբաղյան հակամարտությունը կարող է և չավարտվել
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին խիստ քննադատության է ենթարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում:
Ինչպես հայտարարել է Չարնեցկին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, ժամանակը ցույց է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կողմերի հանդիպումների անարդյունավետությունը: ՙՀանդիպումները, որոնք վերջին տարիներին կազմակերպվել են Ռուսաստանի հովանու ներքո և նախագահ Պուտինի անմիջական ղեկավարությամբ, ապարդյուն էին: Վստահ եմ, որ մեր աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, քանի որ, ելնելով Ռուսաստանի ազգային շահերից՝ ղարաբաղյան հակամարտությունը կարող է և լուծում չգտնել՚,- հայտարարել է Չարնեցկին: ՙՄիայն երկխոսության ճանապարհով է հնարավոր ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ գտնել՚,- եզրափակել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը: