Փորձագետ. Սահմանադրական բարեփոխումների առաջարկվող փաթեթը նահանջ է ժողովրդավարության սկզբունքներից
Նախագահի կողմից մեկ տարի առաջ նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների գործընթացը խոստանում էր երկու կարևորագույն խնդիր լուծել`ժողովրդավարության հիմունքների ամրապնդում և երկրի կայուն քաղաքական և տնտեսական զարգացման ապահովում: Առաջարկվող սահմանադրությունը ոչ միայն չի լուծում այդ խնդիրները, այլ նաև նահանջ է ժողովրդավարության հիմնական սկզբունքներից: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով, ինքը երբեք գործող Սահմանադրության կողմինակից չի եղել: 1995 թ. սահմանադրությունը` 2005 թ. փոփոխություններով, գերնախագահ էր դարձնում ցանկացած նախագահի, նշում է Սաֆարյանը: Ամենագլխավորը, մեր երկրում չէր ապահովվում, այսպես կոչված, ՙզսպումների և հակակշիռների համակարգը՚, որի դեպքում իշխանության անկախ ճյուղերը կարող են զսպել, հավասարակշռել, ինչպես նաև վերահսկել միմյանց`թույլ չտալով Սահմանադրության և օրենքների խախտումներ: ՙՆախագահի կողմից նշանակվող դատավորը չի կարող անաչառ լինել՚,- հավաստում է քաղաքագետը: ՙԴրան չի ձգտում նաև առաջարկվող Սահմանադրությունը`ընդամենը շեշտադրուրմները ուժի մեկ կենտրոնից, այսինքն`Բաղրամյան 26-ից (ՀՀ նախագահի նստավայր-խմբ..) մեկ այլ կենտրոն`Հանրապետության հրապարակ (կառավարություն-խմբ.) տեղափոխելով: Բացի այդ, մենք կորցնում ենք ժողովրդավարության այնպիսի կարևորագույն գործիք, ինչպես`ուղղակի ընտրությունների միջոցով նախագահի ընտրությունը՚,- ասել է Սաֆարյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն իր հերթիյն գտնում է, որ եթե առաջարկվող սահմանադրական բարեփոխումներում կան բացթողումներ, դրանք զուտ տեխնիկական են, որոնք պետք է արդեն իրավաբանները և իրավագետները լուծեն: Նրա խոսքով, այդ թեմային նվիրված կլինի նաև սեպտեմբերի 14-17-ը Ազգային ժողովի առաջին քառօրյան, հնարավոր է, նաև արտահերթ նիստ գումարվի:
Նշենք, որ այսօր Հայաստան է ժամանում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություններ է սկսում քաղաքական ուժերի հետ: Դրանից հետո սահմանադրական փոփոխությունների նախագիծը վերջնական տեսք կընդունի: Արդեն խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՅԴ հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին ԵԽ Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի սահմանադրական բարեփո[ումների նախագծի առնչությամբ նախնական գնահատականը: Եզրակացության մեջ, մասնավորապես, ողջունվում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը: Հանձնաժողովը ողջունում է նախագծի մշակման գործընթացում հայ և եվրոպացի փորձագետների միջև մշտական կապի առկայությունը, ինչի արդյունքում, Վենետիկի հանձնաժողովի խորհրդով, կարևոր փոփոխություններ են կատարվել փաստաթղթում: Ըստ որում, Վենետիկի հանձնաժողովի փորձագետները խորհուրդ են տալիս վերանայել նախագծի որոշակի դրույթներ, մասնավորապես`հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու սահմանափակումները: Փորձագետներն առաջարկում են նաև վերացնել ամենաշատ թվով ձայներ հավաքած երկու ուժերի միջև երկրորդ փուլի հնարավորությունը: Նրանց կարծիքով, անհրաժեշտ է նաև հանել Ազգային ժողովում օրենսդիր մարմնի գործողության ողջ ժամկետում նոր խմբակցություններ ձևավորելու արգելքը, քանի որ դա սահմանափակում է խորհրդարանի անդամների մանդատի ազատությունը: Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, քաղաքական իշխանությունները չպետք է որևէ կերպ միջամտեն դատավորների ազատման և նշանակման ընթացակարգին, ասվում է եզրակացության մեջ: Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում նաև շարունակել նախագծի քննարկումը քաղաքական բոլոր ուժերի և քաղաքացիական հանրության հետ`փաստաթղթի առնչությամբ լայն փոխհամաձայնության ձեռքբերման նպատակով:
Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նախագիծը ենթադրում է հանրապետության անցումը կառավարման խորհրդարանական ձևի: Նախագծով ընդլայնվում են վարչապետի լիազորությունները, ով պատերազմի պայմաններում ստանձնում է նաև երկրի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները: Իսկ նախագահը կունենան արբիտրի դեր, ով ապահովում է երկրի Սահմանադրության իրականացման բնականոն ընթացքը: Նախագահն ընտրվում է Ընտրիչների ժողովի կողմից, այնուհետև նա նշանակում է խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված վարչապետին: Նախագահը պետք է անկուսակցական լինի, նա ընտրվում է 7 տարի ժամկետով`առանց հետագա վերընտրման իրավունքի: Խորհրդարանը ձևավորվում է համամասնական ընտրությունների ճանապարհով և բաղկացած է ՙառնվազն 101 պատգամավորից՚: