Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը կալանքից ազատ են արձակվել
Արմինֆո. Այսօր դատարանի որոշմամբ կալանքից ազատ են արձակվել <Սասնա ծռերի> առանցքային անդամներ Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը: Նրանք ազատ են արձակվել ԱԺ <Ծառուկյան> խմբակցության մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորությամբ:
Ընթացիկ տարվա հունիսի 6-ին <Սասնա ծռերը> հայտարարել էր, որ <Սասնա Ծռերի> որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլևս փակված է։ <Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռևանշի վտանգը և չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթանակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից և ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության և ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում։ Մեր բոլոր համակիրներին և աջակիցներին կոչ ենք անում հետևել այս տրամաբանությանը և ըստ այդմ շարունակել ազգային-ազատագրկան պայքարը։ Մե՛նք ենք տերը մեր երկրի՚, -հայտարարել էին նրանք: