Քոչարյանի փաստաբան. Իմ երկար փաստաբանական պրակտիկայում իրավական և իրավաբանական տեսանկյուններից այսպիսի անգրագետ գործ չեմ տեսել
Արմինֆո. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանադրական կարգի տապալման համար առաջադրված մեղադրանքը ոչ միայն շինծու է, այլև չափազանց անգրագետ իրավական և իրավաբանական տեսանկյուններից: Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
«Հավատացեք, ես շատ գործերով եմ զբաղվել, դրանցից շատերը եղել են անգրագետ, բայց այսպիսի անգրագետ գործ չի հանդիպել իմ երկար փաստաբանական գործունեության ընթացքում՚, - նշել է նա: Սահակյանը հ ավաստիացրել է, որ առաջիկայոււմ Քոչարյանի մեղադրանքը կհանվի հանցակազմի բացակայության պատճառով` «եթե քննությունն ընթանա արդար՚: «Սակայն սկսված գործընթացում նախանշվող միտումները կասկածի տեղիք են տալիս: Նախ, Քոչարյանին հրավիրել էին քննչական մարմին որպես վկա և հենց այնտեղ անմիջապես առանց նախազգուշացման նրա կարգավիճակը փոխել են մեղադրյալի կարգավիճակի: Բացի այդ, դատարանն առանց որևէ բացատրության մերժել է որպես խափանման միջոց կալանք չկիրառելու մեր միջնորդությունը: Այս վատ փորձը կիրառվել է բոլոր երեք նախագահների օրոք, երբ կիրառում էին հնարավոր բոլոր պատժամիջոցներից ամենախիստը: Մենք կարծում էինք, թե թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակը փոխվել է դեպի լավը, սակայն սխալվում էինք՚, - նշել է նա, ընդսմին հաղորդելով, որ փաստաբանները Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել, որը մերժվել է:
Սահակյանը հրաժարվել է նշել Քոչարյանի ազատության համար առաջարկված գրավի չափը, ընդամենը հաղորդելով, որ այն 1 մլրդ դրամից շատ ավելի քիչ է եղել (այդքան գրավի դիմաց ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը): Փաստաբանը Քոչարյանի նկատմամբ քննչական մարմնի միտումնավոր վերաբերմունքի մեկ այլ դրսևորում է համարել ան փաստը, որ կալանավորման մասին որոշումը կայացվել է անհապաղ, մինչդեռ օրենքը դրա համար նախատեսում է 72 ժամ: «Եթե վարչապետ Փաշինյանը գործընթացին չմիջամտի, արդար արդարադատությունը դժվար կլինի՚, - հայտարարել է Սահակյանը, ընդգծելով, որ իրական մեղավորներն այժմ նստած են ՀՔԾ-ում, Գլխավոր դատախազությունում և այլուր:
Քոչարյանի երկրորդ փաստաբան Արամ Օրբելյանն էլ փորձել է բացատրել այն մեկնաբանությունները, թե արդյոք երկրորդ նախագահը կարող է օգտվել անվերապահ անձեռնմխելիությունից: Նրա ասելով, անձեռնմխելությունից օգտվում են նրանք, ովքեր մեղավոր են, իսկ Քոչարյանը, նրա համոզմամբ, մեղավոր չէ: Նա նաև հայտարարել է, թե Քոչարյանը 2008 թվականին գործել է իր նախագահական լիազորությունների շրջանակկում` հայտարարելով արտակարգ դրություն:
Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներում բանակի ներգրավմանը, ապա, ինչպես նշել է Օրբելյանը, հանրապետության օրենսդրությունում ամեն ինչ հստակ ամրագրված է. ԶՈՒ իրավունք ունի միջամտել իրավիճակներին, որոնք սպառնում են պետության անվտանգությանը: Ըդն որում, սպառնալիքները կարող են լինել ոչ միայն արտաքին, այլև ներքին, իսկ նախագահը պետության անվտանգության երաշխավորն է, հետևությունները թողնում եմ ձեզ՚, - ամփոփել է Օրբելյանը: