Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին` կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգ սկսելու առաջարկությամբ
Արմինֆո. Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին` կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգ սկսելու առաջարկությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Նա այդ առաջարկը բացատրել է այն հանգամանքով, որ Հայաստանում քննվող քրեական գործով անցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնող ՀՀ քաղաքացի:
«Մեծապես կարևորելով կազմակերպության հեղինակությունը, դրա բնականոն գործունեության ապահովման հարցը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր երկրներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգ: Հայաստանը հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման գծով ստանձնած պարտավորություններին և կշարունակի համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ՚, - ընդգծել է Բալայանը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրել 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար և միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Շենգավիթի առաջին ատյանի դատարանը բավարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին ՀՔԾ միջնորդությունը: Սակայն, քանի որ նա օգտվում է անձեռնմխելիության իրավունքից` որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց` գրավի տեսքով, որը վճարվել է այսօր առավոտյան: