Արամ Սիմոնյան. Սա ժողովրդավարություն չէ, սա հաշվեհարդար է, այդ թվում՝ իմ քաղաքական գաղափարների համար
Արմինֆո. Սա ժողովրդավարություն չէ, սա հաշվեհարդար է, այդ թվում՝ իմ քաղաքական գաղափարների և Հանրապետական կուսակցությանը պատկանելու համար: Այդ մասին մայիսի 29-ին ԵՊՀ-ում հայտարարել է համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով այն բանին, որ ուսանողները թույլ չէին տալիս ռեկտորին դուրս գալ գիտխորհրդի դահլիճից:
«Համալսարանն ազատ տարածք է, բայց ոչ բռնության տարածք: Ես ռեկտոր եղած ողջ ժամանակաշրջանում երբեք բռնություն չեմ գործադրել, բայց այսօր իմ նկատմամբ կիրառվեց բռնություն: Ես դա համարում եմ անթույլատրելի երևույթ: Սա ժողովրդավարություն չէ, սա հաշվեհարդար է, այդ թվում՝ ՝ իմ քաղաքական գաղափարների և Հանրապետական կուսակցությանը պատկանելու համար»,- նշել է Սիմոնյանը:
«Նրանք չգիտեն, թե ինչ է կատարվում համալսարանում: Իրենք ունեն քաղաքական գիծ, որն իրականացնում են: Ես բռնության ճանապարհով ոչ մի քայլի չեմ գնալու, ես կարող եմ ինչ-որ բան անել միայն կամավոր»,-հայտարարել է ԵՊՀ ռեկտորը՝ նշելով, որ ցուցարար ուսանողների թիվը 150-200 է, իսկ իրեն աջակցող ուսանողների թիվը հասնում է 17 հազարի: Նշենք, որ այսօր առավոտյան ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ԵՊՀ ռեկտորի հրաժաչականը: