Փորձագետ. Արմեն Սարգսյանի՝ իշխանության գալուց Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն տուժի
Արմինֆո. ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի՝ իշխանության գալուց
Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն տուժի:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները պայմանավորված չեն լինի երկրի նախագահի անձով, դա ավելի շատ Հայաստանի ապագա վարչապետի առանձնաշնորհը կլինի: Բացի այդ, Ռուսաստանն արդեն վաղուց բոլոր առաջատար ուղղություններով մոնոպոլիա ունի: Իրականում, կարծիքը, թե մենք իրականացնում ենք «և-և» քաղաքականությունը, սխալ է. մենք լիովին ռուսամետ քաղաքականություն ենք իրականացնում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իգիթյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է իրականացվելու Հայաստան-ԵՄ նոր շրջանակային
համաձայնագիրը, եթե վերջինս ռուսամետ քաղաքականություն է վարում՝ նա փաստել է, որ
Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմքն այդ համաձայնագրով չի դրվել,
փոխգործակցությունը եղել և կշարունակվի նույն տեմպով: «ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ
Հայաստանից սպասում է հստակ և արդյունավետ գործողություններ: Ոչ ոք գումար չի տա
գործունեության իմիտացիայի համար: Եվրապացի հարկատուները խստապահանջ են վերաբերում ցանկացած հատկացված միջոցի:
Ինչ վերաբերում է համաձայնագրի դրույթներին, որոնց իրագործումը նախատեսվում է ընթացիկ տարվա գարնանը, համոզված եմ, որ դրանք կարելի էր իրականացնել առանց ԵՄ աջակցության, քանի որ օրենքի, մարդու իրավունքների գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ բոլոր այդ դրույթներն առկա են նաև սահմանադրությունում: Այլ հարց է, թե ում կողմից դա պիտի իրականացվի և կիրականացվի ընդհանրապես»,- ասել է Իգիթյանը:
Խոսելով ընդհանուր առմամբ Արմեն Սարգսյանի անձի մասին՝ Իգիթյանն ասել է, որ իր կարծիքն ամեն դեպքում սուբյեկտիվ կլինի, քանի որ վաղուց է ճանաչում նրան, աշխատել է նրա հետ միջազգային հարթակներում: «Պետք է հասկանալ այն հանգամանքը, որ Սարգսյանն իշխանության է գալիս ոչ ժողովրդի օգնությամբ, և այդ պաշտոնում անձը չի կարող էական կերպով փոխել իրավիճակը երկրի ներսում»,-ասել է փորձագետը: