ՀՀ վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին
ՀՀ վարչապետը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը շնորհավորել է պարոն Հարությունյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Արդարադատության նախարարությունը կառավարության չափազանց կարևոր օղակ է, հաշվի առնելով նաև առկա խնդիրները՝ նոր Սահմանադրություն, օրենքների անհրաժեշտ փոփոխություններ: Ընդհանրապես, մենք մեր տեսլականում ամրագրել ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ցանկանում տեսնել: Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ մեր հասարակության համար արդարադատության կամ արդարության պակասը միշտ ընկալվում է որպես խնդրահարույց: Այդ առումով, ցանկանում եմ պարոն Հարությունյանին մաղթել արդյունավետ աշխատանք», – նշել է ՀՀ վարչապետը։
Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ Դավիթ Հարությունյանը մեծ պրոֆեսիոնալ է, ունի կարևոր գործառույթներ և առաքելություն: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորանշանակ նախարարի գլխավորությամբ նախարարությունը կարձանագրի նոր հաջողություններ:
Դավիթ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին Արդարադատության նախարարությունը գլխավորած բոլոր նախարարներին՝ կատարված մեծածավալ աշխատանքների համար, և վստահեցրել, որ իր գլխավորությամբ այդ աշխատանքները կշարունակվեն պատշաճ որակով: –0–