ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ափսոսում է, որ հայաստանյան գրասենյակը փակվում է
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը երեքշաբթի Երևանում հայտարարեց, որ համագործակցության և ծրագրերի իրականացման նոր ձևաչափեր են փնտրում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը երեքշաբթի Երևանում հայտարարեց, որ համագործակցության և ծրագրերի իրականացման նոր ձևաչափեր են փնտրում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման պատճառով։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ չնայած գործադրված ջանքերին, անհնար էր երկարացնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատը։ Գերատեսչությունը նշել էր այս հարցում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, որը չարաշահել էր կազմակերպությունում կոնսենսուսի սկզբունքը։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կդադարեցնի իր աշխատանքը 2017 թ.–ի օգոստոսի 31–ին։
«ԵԱՀԿ–ն աշխատում է կոնսենսուսի սկզբունքով և երբեք չի մատնանշում այն կողմին, որը խախտել է կոնսենսուսը, մենք երբեք չենք մեղադրում նրանց, որ նրանք չեն միացել որոշմանը։ Սակայն ես անձամբ ափսոսում եմ, որ հայաստանյան գրասենյակը փակվում է, չնայած օրակարգում առկա բազմաթիվ կարևոր հարցերի առկայությանը», – ասաց Զանիերը։
Միաժամանակ նա վստահեցրեց, որ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դադարեցումը միայն մի գլխի փակում է և համագործակցության նոր ուղիների բացում։
«Շնորհակալ եմ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար, վստահ եմ, որ մեր համատեղ ծրագրերը կշարունակվեն», – ասաց Զանիերը։
Զանիերը, սակայն, ձեռնպահ մնաց և չնշեց այն ծրագրերը, որոնց շուրջ համագործակցությունը կշարունակվի` նշելով միայն, որ կգնահատվեն գրասենյակի գործունեության առավել հեռանկարային և կարևոր ուղղությունները։
Նա, մասնավորապես, չբացառեց համագործակցության հնարավորությունը ՀՀ–ում ընտրական գործընթացների կազմակերպման, դիտորդական առաքելության իրականացման հարցերում և մի շարք այլ ծրագրերում։
Միաժամանակ նա ավելացրեց, որ բոլոր հարցերը պետք է քննարկվեն հայկական իշխանությունների հետ։
Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որտեղ գործել է ԵԱՀԿ գրասենյակը։ Գրասենյակի բացման որոշումն ընդունվել էր 1999 թ.–ի հուլիսին կայացած կազմակերպության Մշտական խորհրդի նիստի ժամանակ։ 2000 թ.–ին Բաքվում բացված ԵԱՀԿ գրասենյակը դադարեց գործել 2015 թ.–ի հունիսի 4–ին։ 1992 թ.–ին Թբիլիսիում բացված ԵԱՀԿ առաքելության մանդատի ժամկետը լրացավ 2008 թ.–ի դեկտեմբերի 31–ին։–0–