Հայաստանի ԱԷԿ–ը պլանային նորոգման կկանգնեցվի մայիսին. փոխնախարար
Հայաստանի ԱԷԿ–ը մայիսին կկանգնեցվի երկամսյա պլանային նորոգման, ասաց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԷԿ–ը մայիսին կկանգնեցվի երկամսյա պլանային նորոգման, ասաց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
«Մայիսին, հունիսին և հուլիսի առաջին կեսին ատոմակայանը կկանգնեցվի պլանային նորոգման։ Եվս մեկ երկամսյա պլանային նորոգում էլ նախատեսված է 2018 թվականին։ Դրանից հետո հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետների երկարացման միջոցառումների իրագործման ծրագիրը կավարտվի»,– ուրբաթ լրագրողներին ասաց Հարությունյանը։
Հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման միջոցառումների երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել 60 օրում` սկսած մայիսի 10-ից: Միջոցառումների շրջանակում նախատեսվում է իրականացնել պլանային վերանորոգման և վերալիցքավորման աշխատանքներ:
Հարությունյանի խոսքով, այս պահին հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի։
«Չկա ոչ մի չնախատեսված հարց: Ավելին, նախատեսված ծախսերի համեմատ կան բավական լուրջ խնայողություններ, որոնց ծավալը մենք կհրապարակենք հերթական փուլի ավարտից հետո», - ասաց Հարությունյանը:–0–