Ադրբեջանը Մարտունու ուղղությամբ կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ
Այսօր ժամը 15:40-ին շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վերջին իրադարձություններից հետո, երբ հակառակորդի հարձակողական գործողությունները կատարյալ ձախողման մատնվեցին, և թշնամին, չեզոք գոտում թողնելով 5 դիակ, հետ շպրտվեց ելման դիրքեր, թվում էր թե վերջինս առաջնագծում զերծ կմնա հետագա արկածախնդրություններրից:
Սակայն, ինչպես հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այսօր ժամը 15:40-ին շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Գերատեսչության հաղորդմամբ, թշնամու կողմից հակատանկային կառավարվող հրթիռի կիրառման հետևանքով ՊԲ-ն կորուստներ չի կրել:
ԱՀ ՊՆ–ն նաև տեղեկացնում է, որ օրվա ընթացքում, բացի ԱԹՍ կիրառելուց, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (ՀԱՆ-17 – 10 արկ) և 60 միլիմետրանոց ականանետից (2 արկ) շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, իսկ շփման գծում իրադրության հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–