Մասնավոր ավտոկայանատեղիների ֆինանսական հոսքերն ու կառավարումն անցնում են պետական և համայնքային կառույցներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ մի շարք հանձնարարականներ է տվել` կապված երկրում գործող մասնավոր ավտոկայանատեղիների և ճանապարհային ռադարների հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ մի շարք հանձնարարականներ է տվել` կապված երկրում գործող մասնավոր ավտոկայանատեղիների և ճանապարհային ռադարների հետ։
Նախօրեին նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության կապակցությամբ վարչապետը հանձնարարեց ոստիկանապետին` ըստ անհրաժեշտության ներգրավելով արդարադատության ու ֆինանսների նախարարություններին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի այդ ընկերության գործառույթները՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումը և կառավարումը, անցնեն պետական կառույցներին:
Վարչապետը հանձնարարեց ֆինանսների ու արդարադատության նախարարներին` աջակցել Երևանի քաղաքապետին «Պարքինգ Սիթի Սերվիս» ընկերության հետ բանակցություններում և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի այդ ընկերության գործառույթները և ֆինանսական հոսքերի ամբողջական կառավարումն ու տնօրինումը անցնեն համայնքային կառույցներին:
Վարչապետը նաև հանձնարարեց ոստիկանապետին մինչև նոյեմբերի 30–ը ներկայացնել ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը։
Նախօրեին նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում մշակել համապատասխան իրավական մեխանիզմներ, որպեսզի ճանապարհային երթևեկության կանոնների վերահսկման համակարգի ոլորտում առկա ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցնեն պետական և համայնքային կառույցներին:–0–