ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացնելու ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակից Կլաուս Քելլերը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։
«ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–