ԱՆ. Բախումների հետևանքով Երևանի բժշկական հաստատություններ է դիմել 73 տուժած
Նախօրեին բախումների հետևանքով Երևանի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմած 73 անձ:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմած 73 անձանցից հիվանդանոցային բուժումն այս պահի դրությամբ շարունակում է 26-ը, որից 6-ը` ոստիկան, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմած 50 քաղաքացուց 36-ը դուրս է գրվել, մեկը տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Այս պահին այստեղ հիվանդանոցային բուժում է ստանում 13-ը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկ քաղաքացու աչքը վիրահատվել է, հեռացվել է վնասված ակնագունդը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 16 անձ, որից 12-ը` ոստիկան, 2-ը` զինյալ խմբից։ Այս պահի դրությամբ բուժումը շարունակում է 8-ը։
«Ինչպես որովայնային հրազենային վնասվածքով ոստիկանը, այնպես էլ 2 զինյալը վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում են», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն, 2 տուժած բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ական տուժածներ` «Արմենիա» հանրապետական, «Իզմիրլյան» բժշկական և Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոններում։
«Բացի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողներից մյուսների վիճակը հիմնականում բավարարին մոտ է։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նշենք, որ մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը», - հաղորդում են ԱՆ մամուլի ծառայությունից։
Երևանի ՊՊԾ գնդի գրավված շեմքի մոտ նախօրեին անցկացվող ակցիայի ցրման ժամանակ հիմնականում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Սարի թաղի բնակիչները: Վերջին տվյալներով, տարբեր մարմնական վնասվածքներով Երևանի հինգ բժշկական հաստատություններ է տեղափոխվել կամ դիմել 73 տուժած (բեկորային վիրավորումներ, այրվածքներ, սալջարդեր)։ -0-