Հայաստանի ԱԱԾ նախկին պետը նոր պաշտոն ունի
ԱԱԾ նախկին պետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նոր ղեկավար պաշտոն է ստանձնել:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԱԾ նախկին պետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նոր ղեկավար պաշտոն է ստանձնել: Նա նշանակվել է «365 ՎԱՅՆՍ» գինու գործարանի կառավարիչ, հաղորդում է «Հրապարակ» թերթը:
Պարբերականը փորձել է ճշտել տեղեկությունը հենց Շահնազարյանից: «Կառավարիչ չէ` տնօրեն, արդեն մոտ մեկ ամիս է», - պարզաբանել է նա: Իսկ թե ինչպես և ում կողմից է եղել առաջարկը, ում է պատկանում ընկերությունը, Դավիթ Շահնազարյանը չցանկացավ մանրամասել` նշեց միայն, թե մասնավոր ընկերություն է, բիզնես կառավարում է, մյուս հարցերի շուրջ հետագայում կխոսի:
Թերթի հաղրդմամբ, «365 ՎԱՅՆՍ»-ի արտադրությունն սկսվել է 2006 թ.-ին «ԷԴՎԱԳ գրուպ»-ի կողմից:
Հոդվածի հեղինակները նշում են, որ մամուլի հրապարակումներից նրանք կարողացել են պարզել, որ այդ ընկերությունը տևական ժամանակ վիճարկում էր հայկական շուկայում իր մտավոր սեփականությունը հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը:
2012 թ.-ին այն ժամանակի բարձրաստիճան պաշտոնյաներ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այցելել էին «365 գրուպ», որն արտադրում է խաղողի, նռան, սերկևիլի, մոշի, բալի և այլ մրգային գինիներ: Ընկերությունը նար Հայաստանում «Passion de Pineau» գինու միակ արտադրողն է: -0-