Ղարաբաղում սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 300–ի. աղբյուր
Ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը, այս պահի դրությամբ, հասել է 300–ի։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը, այս պահի դրությամբ, հասել է 300–ի, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով սեփական աղբյուրին Ղարաբաղում։
«Ադրբեջանական բանակը շարունակում է կրել աննախադեպ մեծ կորուստներ, առաջին հերթին` կենդանի ուժի։ Այս պահի դրությամբ` սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվն արդեն հասնում է մոտ 300–ի, վիրավորների թիվը հատել է 1000–ը, խոցվել է ավելի քան 20 տանկ», – տեղեկացրել է աղբյուրը։
Գործակալության զրուցակիցը նաև նշել է, որ երեկվա դրությամբ` Ստեփանակերտ են ժամանել մոտ 2000 կամավոր–վետերաններ։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0–