Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ի կազմել է 3%
Հայաստանի տնտեսական աճը 2015 թ.–ին կազմել է 3 տոկոս` պետբյուջեում ամրագրված 4 տոկոս ցուցանիշի դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական աճը 2015 թ.–ին կազմել է 3 տոկոս` պետբյուջեում ամրագրված 4,1 տոկոս ցուցանիշի դեպքում։ ՀՀ ԱՎԾ–ի նախնական տվյալներով` Հայաստանի ՀՆԱ–ի ծավալը 2015 թ.–ին կազմել է 5 047,4 մլրդ դրամ կամ շուրջ 10,56 մլրդ դոլար (2015 թ.–ին գրանցված դոլարի փոխարժեքի դեպքում` 477,92 դրամ)։
Հարկ է նշել, որ նախորդ տարին երրորդն էր, երբ Հայաստանին չհաջողվեց հասնել պետբյուջեով նախատեսված աճի ցուցանիշին, մասնավորապես, 2013 թ.–ին ՀՆԱ–ի աճը 3,3 տոկոսի էր` բյուջեում ամրագրված 6,2 տոկոսի դեպքում, 2014 թ.–ին` 3,5 տոկոս` 5,2 տոկոսի փոխարեն։
ԱՎԾ–ի տվյալներով` ՀՆԱ–ի ծավալը 2014 թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 1 547 մլրդ դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1,9 տոկոսով։ Միաժամանակ Հայաստանի ՀՆԱ–ի աճն առաջին եռամսյակում կազմել է 2,5 տոկոս (873,1 մլրդ դրամ), երկրորդ եռամսյակում` 4,5 տոկոս (1 110,1 մլրդ դրամ), երրորդ եռամսյակում` 3,2 տոկոս (1 517 մլրդ դրամ)։
Հայաստանի տնտեսության աճը 2015 թ.–ին, հիմնականում, պայմանավորված է գյուղատնտեսական և անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում գրանցված 11,4 տոկոսանոց աճով, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում գրանցված 6,3 տոկոսանոց աճով։
Բացի այդ, ՀՆԱ–ն բնակչության հաշվով 2015 թ.–ին կազմել է 1 679 920 դրամ (3 515 դոլար)` 1 501 667 դրամի համեմատ (3 610 դոլար)։
Հայաստանում գնաճը 12 ամսում կազմել է 3,7 տոկոս։