Հայաստանում 2015 թ.–ին գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ավելի քան 398 հազար դեպք. Ճանապարհային ոստիկանություն
Ճանապարհային ոստիկանությունը 2015 թ.–ի 11 ամիսների ընթացքում գրանցել է ճանապարհային երթևեկության կանոնների 398 560 խախտում, ինչը 50265 ավել է 2014 թ.–ի նույն ցուցանիշից։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանությունը 2015 թ.–ի 11 ամիսների ընթացքում գրանցել է ճանապարհային երթևեկության կանոնների 398 560 խախտում, ինչը 50265 ավել է 2014 թ.–ի նույն ցուցանիշից, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը։
Միաժամանակ Սարգսյանը նշեց, որ 2015 թ.–ին Հայաստանում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներն են ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, արագության գերազանցումն ու անուշադրությունը։
Այս կապակցությամբ նա տեղեկացրեց, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերից 5941–ը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերն են (2882 նմանատիպ դեպք 2014 թ.–ին)։ Միաժամանակ 246–ի դեպքում գրանցվել է փոխարինված կամ կեղծ համարանիշներով մեքենաների վարում։ Սարգսյանը նաև ավելացրեց, որ 389 տրանսպորտային միջոց հետախուզման մեջ է։
Ինչ վերաբերում է վթարներին, ապա Սարգսյանի խոսքով, 2015 թ.–ի 11 ամիսների ընթացքում գրանցվել է 3104 վթար, ինչի հետևանքով զոհվել է 308 մարդ, 4304–ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
«Այս տարի կտրուկ կրճատվել է հետիոտների մասնակցությամբ միջադեպերի թիվը, և այս հարցում կանխարգելիչ միջոցառումների անցկացումը հանգեցրեց ավելի բարձր արդյունքների, քան հետիոտների նկատմամբ տուգանքների կիրառումը», – ասաց Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ 2016 թ.–ին Ճանապարհային ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնելու վարորդների և հետիոտների փոխհարաբերություններին, հատկապես հետիոտների նկատմամբ վարորդների կարգապահության բարձրացման համատեքստում։–0–