ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել լրագրողներին իրենց առաքելությունը բարձր արդյունավետությամբ կատարելու համար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԶԼՄ–ների ներկայացուցիչներին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ շնորհավորել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ինչպես նշել է նախագահը, անցնող տարին բուռն ու ծանրաբեռնված էր աշխատանքի առումով, և յուրահատուկ ու շրջադարձային՝ երկրի ու ժողովրդի պատմության տեսանկյունից։
«Ձեր ամենօրյա աշխատանքային գործունեությամբ դուք տարեգրում եք այդ պատմությունը, հրապարակայնացնում եք երկրի անցուդարձը, վեր հանում խութերը, շատ հաճախ նաև դեպի առաջ տանող ճանապարհներ ցույց տալիս: Իմ տպավորությամբ ձեր առաքելությունը դուք այս տարի կատարել եք բարձր արդյունավետությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում», – նշել է Սարգսյանը։
Նա շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման ընթացքում ներդրած ջանքերի և կատարած մեծածավալ աշխատանքի համար:
«Դուք և արտերկրի ձեր գործընկերները պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կարողացաք միջազգային հանրության համար առավել տեսանելի դարձնել Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում: Ցույց տվեցիք մեր պայքարի համամարդկային բնույթը», – ասել է Սարգսյանը։
ՀՀ նախագահն անդրադարձել է նաև Սահմանադրության փոփոխությունների թեմային` նշելով պրոֆեսիոնալ, բարեխիղճ ու ակտիվ աշխատանքի համար, որն արտահայտվել է կողմ և դեմ կարծիքների բազմությունը լայնորեն ներկայացնելուց սկսած մինչև հանրաքվեի ընթացքում տեղամասերում տեղի ունեցած խախտումների արձանագրում և մատնանշում:
«Ոչ մի կասկած չունեմ, որ բարեփոխումների գործընթացն այսչափ ընդգրկուն չէր լինի, եթե չլինեին ձեր մասնագիտական նվիրումն ու պատասխանատվության զգացումը», – ասել է Սարգսյանը։
Նա նաև նշել է, որ տարվա ընթացքում բազմաթիվ լրագրողներ իրենց առաքելությունն իրականացնելիս երբեմն բախվել են դժվարությունների և պատվով հաղթահարել դրանք:
«Մենք, իհարկե, կարող ենք տարբերվող կարծիքներ ունենալ այսօրվա մեր լրագրության բովանդակության, խորության, անաչառության մասին, կարող ենք համաձայնության գալ կամ չգալ կարելիի և անթույլատրելիի սահմանների մասին, կարող ենք մերժել որևէ սահմանի գոյությունն ընդհանրապես: Կան, չէ՞, նաև մարդիկ, որ այսպես են կարծում, բայց սա արդեն քննարկման այլ թեմա է: Մի բանում սակայն համակարծիք չլինել չենք կարող. ազատ մամուլը արժեք է, և մենք այդ հարցում ճիշտ ճանապարհի վրա ենք», – ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ Հայաստանը մտնում է 2016 թվական մեծ հույսերով և ծրագրերով:
«Միաժամանակ բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր խնդիրները տակավին լուծված չեն, և դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի մեր երկիրը դարձնենք այնպիսին, ինչպիսին երազում ենք: Մեր փորձը հուշում է, որ դրան կարելի է հասնել միայն համատեղ աշխատանքով, որից անմասն չպետք է մնան լրագրողական համայնքն ու լրատվամիջոցները», – ասել է Սարգսյանը։
Նա շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
«Մաղթում եմ, որ գալիք տարում ևս ձեր գործունեությունն իրականացնեք մասնագիտական պարտքի բարձր զգացումով, լինեք սկզբունքային և հետևողական: Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ երջանկություն, իսկ ձեր ձեռնարկներին՝ հաջողություններ», – նշել է ՀՀ նախագահը։ –0–