Տուլայի ՃՏՊ–ի հետևանքով տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱՆ
Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած` Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած` Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, հաղորդում է newsarmenia.am_ը հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը։Ըստ հաղորդագրության` տուժածներից մյուսը բուժում է ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում: Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով։
«Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցից դուրս գրված և Հայաստան տեղափոխված երկու հիվանդներից մեկը բուժումը շարունակում է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, մյուսը առողջացումով տուն է վերադարձել:
Այժմ քննարկվում է Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը:
Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Մոսկվա–Երևան ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել է 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Ավտոբուսի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավել անձանց մահվան» հոդվածի հատկանիշներով, նա ձերբակալվել է։ –0–