ՀՀ խորհրդարանն անցել է 2016թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը
Ինչպես նշեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, պետբյուջեի նախագծում ամրագրված է, որ 2016 թվականին ՀՆԱ իրական աճը նախատեսված է 2.2 տոկոսի չափով, ՀՆԱ դեֆլյատոր–ցուցիչը` 4 տոկոսի չափով, 12–ամսյա գնաճը` 4% (±1,5%) մակարդակում, իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–ի 3.5 տոկոսը։
Ինչպես նշեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, պետբյուջեի նախագծում ամրագրված է, որ 2016 թվականին ՀՆԱ իրական աճը նախատեսված է 2.2 տոկոսի չափով, ՀՆԱ դեֆլյատոր–ցուցիչը` 4 տոկոսի չափով, 12–ամսյա գնաճը` 4% (±1,5%) մակարդակում, իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–ի 3.5 տոկոսը։ Հաշվարկային փոխարժեքը բյուջեի նախագծում նախատեսված է սեպտեմբերի մեկին ձևավորված ԱՄՆ 1 դոլարի դիմաց 483.02 դրամի հիման վրա։
Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա այն 2016 թվականի արդյունքներով կկազմի 5.569 մլրդ, որոնցից 86.6 տոկոսը բաժին է ընկնում արտաքին պարտքին։
Նախարարի խոսքով, ծախսային հոդվածը կկազմի 1 տրլն 373.7 մլրդ դրամ, իսկ եկամտայինը` 1 տրլն 183 մլրդ դրամ 197 մլրդ դրամի պակասուրդի դեպքում։
«Պետբյուջեի նախագծի համաձայն, եկամտային հոդվածի 95.4 տոկոսը կկազմեն հարկերն ու տուրքերը, իսկ 2.6 տոկոսը և 2 տոկոսը` պաշտոնական դրամաշնորհներն ու այլ եկամուտներ»,– ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ ծախսային հոդվածի մասով 96 տոկոսը կամ 1 տրլն 244.4 միլիարդը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, իսկ 129.3 միլիարդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին։ Միաժամանակ, 2016 թվականի պետբյուջեի նախագծի ծախսային հոդվածը 68.1 մլրդ դրամով ավելի է 2015 թվականի ցուցանիշից։
Նախարարն ընդգծեց, որ ցանկալի կլիներ, որ կառավարությունը կարողանար խորհրդարանի դիտարկմանն ավելի լայն հնարավորություններով ավելի հավակնոտ փաստաթուղթ ներկայացնել, սակայն, չնայած վերջին 8 տարիներին արձանագրված հարկային մուտքերի ավելի քան կրկնակի աճին` պետբյուջեում ամրագրված ֆինանսատնտեսական կանխատեսումները, այնուամենայնիվ, թույլ չեն տա լուծել այդ խնդիրները։
«Երկրում օբյեկտիվ պատճառներով ստեղծված տնտեսական իրավիճակը, միջազգային բարդ իրավիճակը, տրանսֆերների և եկամուտների կրճատումները թույլ չեն տալիս հարկահավաքի ավելի բարձր մակարդակ ակնկալել։ Հետևաբար, ներկայիս տնտեսական իրողությունների պայմաններում նման հնարավորություններ չկան, ինչը և դարձել է պետբյուջեի այսքան պահպանողական, բայց նաև իրատեսական նախագծի պատճառ»,– ասաց Խաչատրյանը։
Նա միաժամանակ նշեց, որ պետբյուջեի ծախսերի հիմնական մասը` 47.3 տոկոսը, կուղղվի սոցիալ–տնտեսական ոլորտներին` կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, մշակույթ, սպորտ։ Պաշտպանությանը, ազգային անվտանգությանը և հասարակական կարգի պահպանմանը և ազատազրկման վայրերին կուղղվի ծախսային հոդվածի 20.8 տոկոսը։ Մոտ 10.6 տոկոսը բաժին կընկնի տնտեսության ոլորտին, 7.2 տոկոսը` պետպարտքի սպասարկմանը, 3.5 տոկոսը` համայնքային բյուջեների դոտացիաներին, 6.7 տոկոսը` իշխանության պետական ճյուղերի աշխատակազմերի պահպանմանը, 1 տոկոսը` գիտությանը, իսկ 0.6 տոկոսը` կառավարության պահուստային ֆոնդի ձևավորմանը։
«Պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումը 197 մլրդ դրամի կամ ՀՆԱ–ի 3.5 տոկոսի չափով ծրագրվում է իրականացնել ներքին և արտաքին աղբյուրների հաշվին, համապատասխանաբար` 70.1 մլրդ և 120.6 մլրդ դրամ»,– ասաց Խաչատրյանը։
Ըստ նրա, պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների կազմում նախատեսվում են նաև արտաքին պարտքի և ԼՂՀ բյուջետային վարկի մարման միջոցներ, համապատասխանաբար, 36 մլրդ և 47.3 մլրդ դրամի չափով։ ($1 - 481,76 դրամ)։ -0-