Հայաստանը կարող է դիտարկվել որպես իրանական գազը դեպի Եվրոպա տարանցելու հնարավոր երթուղի. թերթ
Հայաստանը կարող է դիտարկվել որպես իրանական գազը դեպի Եվրոպա տարանցելու հնարավոր երթուղիներից մեկը, եթե կարողանա բավարար ինքնուրույնություն դրսևորել Ռուսաստանը շրջանցող գազատարի կառուցմանը մասնակցելու համար, գրում է «Ժամանակ» թերթը։
Ինչպես նշում է հրատարակությունը, Իրանում տնտեսական կյանքի ակտիվացումը և արևմտյան պատժամիջոցների վերացումը դրականորեն կանդրադառնան նաև Հայաստանի և Իրանի հարաբերությունների վրա։ Եթե մինչ այս հայկական ընկերությունները և ֆինանսական կառույցները ևս զգուշություն էին ցուցաբերում Իրանի հետ համագործակցության հարցում, հիմա այլևս այդպիսի արգելքներ չեն լինի։
Հեղինակի խոսքով` Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո մեծանում է նաև Իրանի` որպես տարածաշրջանային տերության դերը` դրանով ինչ–որ իմաստով ստվերելով Թուրքիային։ Սա ևս ոչ երկրորդական նշանակություն ունի Հայաստանի համար։
«Մենք միայն կարող ենք ողջունել այդ համաձայնության կայացումը` հույս ունենալով, որ դրանից բխող դրական ազդակները հնարավորինս շուտ ի հայտ կգան մեր իրականության մեջ», – գրում է թերթը։ –0–