Հայաստանը կարող է չինական ներդրումների հույս ունենալ հայ–իրանական երկաթուղու նախագծի իրականացման ժամանակ. իրանագետ
Հայաստանը կարող է չինական ներդրումների հույս ունենալ հայ–իրանական երկաթուղու նախագծի իրականացման ժամանակ, չորեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Հենց Իրանի մասնակցությունը տվյալ նախագծի իրականացման մեջ կակտիվանա միայն այն դեպքում, եթե իրանական կողմը կարողանա ստանալ հավելյալ ֆինանսական հնարավորություններ։ Սպասվում է, որ այդպիսի հնարավորություններ կլինեն իրանական նավթի արտահանման ծավալների գրեթե կրկնակի աճի դեպքում, սակայն ես կարծում եմ, որ Հայաստանի համար երկաթգծի կառուցման ծրագրի շրջանակներում ներդրումների առումով ավելի իրատեսական է Չինաստանի կողմից աջակցությունը», – ավելացրել է Ոսկանյանը։
«Իրանական կողմն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել կառուցել 80 կմ հատված իր տարածքում, սակայն Հայաստանում երկաթգծի կառուցման մեջ ներդրում անել նա դեռ պատրաստ չէ։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ ապագայում իրավիճակը չի փոխվի», – նշել է Ոսկանյանը։
ՀՀ կառավարությունը 2014 թ.–ի օգոստոսի 7–ին հավանություն է տվել այդ երկաթուղու կառուցման նախնական ծրագրին։ Նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար, երկարությունը կկազմի 300 կմ։ Դրա ենթակառուցվածքում կներառվեն 19,4 կմ ընդհանուր երկարության 64 կամուրջներ, 102,3 կմ երկարության 60 թունել և 27 կայարան։ Սպասվում է, որ շինարարությունը կավարտվի 2022 թ.–ին, բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 մլն տոննա։
Երկաթուղու նախագիծը մշակել է Չինաստանի շինարարության և հաղորդակցությունների միջազգային ընկերությունը (CCCC International)։ Նախագծով հետաքրքրված են Չինաստանի բանկերը, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը։ –0–