Հայաստանի վարչապետն առաջարկել է գիշերային ավիաչվերթները տեղափոխել առավոտյան ժամերի
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստում առաջարկել է քննարկել գիշերային ավիաչվերթների տեղափոխման հնարավորությունները առավոտյան ժամերի։
«Ես առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, էկոնոմիկայի նախարարությանը և քաղավիացիայի գլխավոր վարչությանը մանրակրկիտ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրումների շուկան, բանակցություններ վարել այն կազմակերպությունների հետ, որոնք կազմակերպում են գիշերային թռիչքներ։ Ցանկալի է դրանք տեղափոխել առավոտյան ժամերի», – ասել է Աբրահամյանը։
Նրա խոսքերով` գիշերային թռիչքները անհարմարություններ են ստեղծում զբոսաշրջիկների համար` կապված հյուրանոցներում հանգրվանելու հետ։
Վարչապետը հանձնարարել է կատարել առաջադրանքը երկու շաբաթվա ընթացքում։ -0-