Թավադյան. Հայկական տնտեսությունը շատ խոցելի է արտաքին մարտահրավերների առջև
Հայաստանի տնտեսության զարգացման վեկտորը պահանջում է որոշակի շտկումներ, քանի որ աճի հիմնական աղբյուր են ծառայում վարկերը, դրամաշնորհները և փոխանցումները, հայտարարել է Հայաստանի պետական տնտեսական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 16. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության զարգացման վեկտորը պահանջում է որոշակի շտկումներ, քանի որ աճի հիմնական աղբյուր են ծառայում վարկերը, դրամաշնորհները և փոխանցումները, հայտարարել է Հայաստանի պետական տնտեսական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։«Մենք առավելապես արտահանում ենք հումք և աշխատանքային պաշարներ, իսկ ներքին շուկայում զարգանում են մեծածախ առևտուրը, շինարարությունը, անշարժ գույքը և ծառայությունները։ Տնտեսության զարգացման նման վեկտորը նրան շատ խոցելի է դարձնում արտաքին մարտահրավերների առջև»,– ասաց փորձագետը։
Նրա խոսքով` նման դասավորության դեպքում գլխավոր խնդիրն արտադրության զարգացումն է` արտահանման ուղղվածություն ունեցող պատրաստի արտադրանքի, այլ ոչ թե հումքի։ Թավադյանը զարգացման ևս մեկ ուղղություն է անվանել նանոտեխնոլոգիաները, ՏՏ ոլորտը, ռազմավարական բնույթի արտադրանքի արտահանումը` հաշվի առնելով ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը։
«Եթե մենք մեր առաջ դնենք այդ խնդիրները և դրանց հետևենք, ապա մեր գործերը զգալիորեն կլավանան»,– նշեց Թավադյանը։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` արտահանման ծավալը 2015թ.–ի հունվար–մայիսին կազմել է շուրջ 488,6 մլն դոլար` նվազելով 15.2 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` շուրջ 1 070,2 մլն դոլար` նվազելով 38 տոկոսով։ Արդյունքում արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն կազմել է 581,5 մլն դոլար։-0-