ԿԶԵՀ–ը Հայաստանին 50 մլն դոլարի վարկ կտրամադրի ոռոգման համակարգերի արդիականացման համար
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին 50 մլն դոլարի վարկ կտրամադրի «Ոռոգման համակարգերի արդիականացում» նախագծի շրջանակում, հայտնում են Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին 50 մլն դոլարի վարկ կտրամադրի «Ոռոգման համակարգերի արդիականացում» նախագծի շրջանակում, հայտնում են Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունից։Այդ մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԶԵԱԲ պատվիրակության` ԿԶԵՀ ծրագրերի բաժնի պետ Արտակ Ազիզյանի և Հայաստանի կառավարության` ֆինանսների փոխնախարար Արմեն Գևորգյանի ղեկավարած պատվիրակության միջև։
Քննարկման արդյունքում կողմերը մշակել են վարկային համաձայնագրի միասնական նախագիծ, որն առաջիկայում կուղղվի ԿԶԵՀ Խորհրդի հավանությանը։ Համաձայնագրի ստորագրումը նշանակված է 2015 թվականի սեպտեմբերին։
Հաղորդագրության համաձայն` ֆինանսավորման ընդհանուր թվից 40 մլն դոլարն արտոնյալ վարկի տեսքով կտրամադրի ԿԶԵՀ–ը, իսկ 10 մլն դոլարը` որպես համաֆինանսավորում կհատկացնի Հայաստանի կառավարությունը։
Նախագծի շրջանակում նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում կառուցել և վերականգնել 70.4 կմ ընդհանուր երկարությամբ ութ ինքնահոս համակարգ, 8.1 կմ գլխավոր ուղի, 54.1 կմ միջտնտեսային համակարգ, 277.8 կմ ներտնտեսային ցանց։
Նախագիծը ենթադրում է նաև ջրօգտագործողների պատասխանատվության և ջրօգտագործողների ասոցիացիաների կառավարման արդյունավետության բարձրացման համալիր միջոցառումներ։
«Ոռոգման համակարգերի արդիականացում» հնգամյա նախագծի իրագործումը ծրագրված է 2015 թվականի վերջին–2016 թվականի սկզբին։ Նախագիծն ընդգրկված է Հայաստանի ոռոգման և դրենաժային ցանցի վերականգնման երկարաժամկետ ազգային ծրագրում։-0-