Աշոտյանը քննադատության է ենթարկել Փաշինյանի կառավարության օպտիմալացման նախագիծը
Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում քննադատել է ՀՀվարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարության օպտիմալացման նախագիծը:
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում քննադատել է ՀՀվարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարության օպտիմալացման նախագիծը:
Հիշեցնենք, որ Հայաստանի մշակույթի նախարարության և Սփյուռքի նախարարության մի խումբ աշխատակիցներ ուրբաթ առավոտյան բողոքի ակցիա են անցկացրել այս գերատեսչությունների հնարավոր լուծարման դեմ։
«ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից», - գրել է նա:
Նա նշել է նաև, որ մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային ահռելի ժառանգություն, կամ որոնց համար, պատմության բերումով, մշակույթը նաև քաղաքական իմաստ ունի: «Որևէ մեկի մտքով Հունաստանում, Իտալիայում կամ Սերբիայում չի անցնի փակել մշակնախը: Հայ-ադրբեջանական դիմակայության մեջ այս տարվա մեծագույն հարվածը մենք իրականում ստացել ենք UNESCO-ում, որտեղ մերոնց անգործության և դիլետանտիզմի պատճառով ադրբեջանցիները կարողացան գրանցել իրենց քոչարիանման պարը, այն էլ՝ երբ անցյալ տարի մեր ջանքերով քոչարին արդեն գրանցաված էր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես հայկական երևույթ: Այս պատմության ամենավտանգավոր պահ նա է, որ ադրբեջանցիները այդ պարը գրանցել են, ուշադրություն, որպես Նախիջևանի տարածաշրջանային պար: Հասկանու՞մ եք, ինչ է կատարվել», - նկատել է Աշոտյանը:
Ըստ նրա, ժամանակին Սփյուռքի նախարարություն ստեղծելը երկու հիմնական նպատակ ուներ՝ 1. ԱԳՆ-ն չեր կարողանում համարժեք լինել Սփյուռքի ներուժը ամբողջությամբ օգտագործելու հրամայականին; 2. դա նաև լրջագույն ուղերձ էր արտաքին քաղաքականության մեջ, հատկապես հաշվի առնելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մարտահրավերները: «Պատահական չէր, որ Ադրբեջանը մեզանից հետո նույնպես փորձում է ինստիտուցիոնալիզացնել իր աշխատանքը այդ ոլորտում: Ակնհայտ է, որ մեր այսօրվա ԱԳՆ-ն չի կարողանալու լիարժեք լուծել առկա խնդիրները», - գրել է նա:
Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել: «Այսօրվա իշխանությունների կողմից աջուձախ իրականացվող, կասկածելի հիմնավորմամբ և արդյունավետությամբ ճոխ ծախսերի ֆոնի վրա հազարավոր մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ», - հայտարարել է Ա. Աշոտյանը:-0-