Փորձագետ. Հայաստանում տագնապալի իրավիճակ չկա`կապված սուր–շնչառական վարակների հետ
Հայաստանի Հանրապետությունում այս պահին չունենք անհանգստացնող վիճակ` կապված սուր–շնչառական վարակների հետ, ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում այս պահին չունենք անհանգստացնող վիճակ` կապված սուր–շնչառական վարակների հետ, ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Օրերս հայկական մամուլում լուրեր են շրջանառվում հանրապետությունում առկա խուճապի մասին։ Մասնավորապես նշվում է, որ մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են, բժիշկները չեն հասցնում սպասարկել։ Երեխաների մոտ հիմնականում արձանագրվում է բարձր ջերմություն, լուծ, մկանային և ստամոքսի ցավեր։
«Հայաստանում իրավիճակն այս պահին վերահսկելի է, որևէ տագնապալի երևույթներ չկան, շրջանառվում են սովորական վիրուսներ, որոնք միշտ այս սեզոնին եղել են», – նշել է փորձագետը։
Նրա խոսքով, իրականացվել է հարցում, մոնիտորինգ։
«Հիմա շրջանառվող վիրուսների մեջ գրիպի վիրուս չկա, շրջանառվում են ավելի թեթև կլինիկա առաջացնող վիրուսներ` պարագրիպ, ռինովիրուս, ռեսպիրատոր–սինցիտիալ վիրուս, որոնք ընթանում են ավելի թեթև, քան գրիպը, որն ինքնին ծանր հիվանդություն է։ Այս վիրուսները կարող են մի փոքր ավելի երկար տևել, բայց լուրջ հետևանքների չեն հանգեցնում», – ընդգծել է Ավետիսյանն ու խորհուրդ տվեց առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմել բժշկի։–0–