Բերման է ենթարկվել 136 քաղաքացի
Գիշերը ոստիկանությունը Խորենացի փողոցից բերման է ենթարկել 136 հոգու, որոնցից 16-ը ձերբակալվել է։
Հատուկ քննչական կոմիտեն հաղորդում է, որ հարուցվել է քրեական գործ զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու հոդվածով։
Քննչական կոմիտեն նաև հաղորդում է, որ այսօր վաղ առավոտյան զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը՝ ձերբակալվել է։ Նախաքննական մարմինը հաղորդում է, որ երեկ երեկոյան մի խումբ ցուցարարներ կատարել են անկարգություններ, որոնք ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը»։
Ձերբակալվածների պահման վայրերում դիտորդություն իրականացնող հասարական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանն «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ վաղ առավոտից այցելություններ են իրականացրել Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հանդիպել են գիշերը բերման ենթարկված և զանգվածային անկարգությունների համար ձերբակալված 22-ամյա Տիգրան Ղուկասյանի հետ։ Իսկանդարյանն ասաց, որ երիտասարդը հերքում է նախաքննական մարմնի պնդումները, թե ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել։
«Ասում է՝ գոռգոռում էի, ուրիշ ոչ մի բան», - պատմեց նա:
Իսկանդարյանը նշեց, որ Տիգրանի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, բայց նա բողոքել է, որ իրեն ոստիկանական բաժանմունք են տեղափոխել հայհոյանքներ տալով։ Դիտորդական խմբի դիտարկումները ցույց են տալիս, որ ոստիկանությունը ձերբակալված անձանց իրավունքները խախտել է՝ չտրամադրելով ձերբակալման մասին որևէ փաստաթուղթ։
«Ընդհանրապես ձերբակալման արձանագրությունը անձանց տրամադրում են, որ անձը հասկանա՝ ինչի՞ մեջ են իրեն կասկածում, որ բողոքարկելու հնարավորություն ունենա: Ընդհանրապես չեն էլ տրամադրել», - նշեց նա: