Քաղցրիկ Խաչատրյան. Նամակ «Ավրորայի» հերոսին
Բա΄րև, հեռու աշխարհների իմ հերո΄ս բարեկամ :
Տո΄ւր ինձ ձեռքը քո սուրբ…
Առաջնորդի΄ր ինձ քո տիեզերական սիրո անխոնջ ճանապարհով , սովորեցրո΄ւ քայլել ինձ քո ոտնահետքով, ու երբ վերջին փրկող օղակն էլ է գայթում, սովորեցրո΄ւ բռնել ձեռքը տապալվողի:
Երբ վերջալույսը փեշերն է փռում ու մեռնող մարմնի մի կաթիլ լույսն է մեռցնել ձգտում, ո՞ւմ ապավինել. սովորեցրո΄ւ դառնալ ապրող հույսի պատառ…
Երբ մեռնող գիշերվա հոգեվարքում չի երևում անգամ հույսի ծվեն ու ծիլ, երբ մանկան աչքերում միևնույն է դառնում քաղցր կոնֆետների կան ու չկան, երբ անօրեն ու բիրտ այս աշխարհում մենության մեջ մեռնող հոգիներ կան, երբ թերթերում գրվող սիրո անունն է փառք, սովորեցրո΄ւ` ինչպես հաղթահարել աչք շլացնող փայլը խոլ պերճության ու ետ կանգնել մեղկ ու փափուկ կյանքից:
Սովորեցրո΄ւ, որ երբ ձեռքս մեկնեմ յուղոտ ու համեղ պատառին, սանձել կարողանամ հրապույրը մարմնական ու բրդուճն իմ ձգել կարողանամ իսկապես սովի դեմ գոտեմարտող մի անծանոթի:
Երբ աստղակույտ դարձած անտակ հարստության ու պերճության գերի հոգիների կողքին կան դեռ ստրուկ մարդիկ, որ խորտակված իրենց բախտով ու ղսմաթով շնորհապարտ են մարդուն, սովորեցրո΄ւ` ինչպես մի կողմ նետել իմ համերաշխ ու ներդաշնակ առօրեայից հեշտամոլության ու վայելքի նսեմ շղարշը ու ամրացնել սիրտս եղբայրաօգուտ սուրբ նվիրումով ու ինքս իմ մեջ տոկունության կամք, կորով սերմանել….
Երբ անօգուտ ձգվող պերճախոս ճառերի նյութն է ազատություն և հումանիզմ, բայց մարդասեր նրանց կարեկցանքն է ճղճիմ ու նյութամոլ, օգնի'ր , որ ուժ գտնեմ , սովորեցրո'ւ` ինչպես հոսանքին հակառակ հաստատուն քայլ դնել ու մարմնովս փխրուն ճամփա բանալ հեղձվող , պարտվողների համար:
Սովորեցրո΄ւ, որ երբ աշխարհը խնդում է, ես լամ, ոչ իմ, այլ քո ու քեզ նմանների ցավից, եթե անգամ ինքս լաց ունենամ:
Սովորեցրո΄ւ` ինչպես տոկալ հալածանքի ու շինծու կայծակի կործանարար ուժին, ու ապրել, ու սիրել, ու կյանք տալ, ու կյանքին իմաստ տալ, ու իմաստին կյանք տալ, ու կռիվ տալ քո ու իմ նմանի գոյի ու կեցության համար:
Ի΄նձ տուր ձեռքդ, հույսի առաքինի΄ մարտիկ, ցո΄ւյց տուր ուղին հոգու երանության, սովորեցրո΄ւ` ինչպես զոհ մատուցել քո իսկ պաշտած աստծո ողորմած բագինին:
Տո΄ւր ինձ ձեռքը քո սուրբ, Մա΄յր Մարգարիտ, ու թո΄ղ անունը քո իմ շուրթերին դառնա վճիռ մարդադարձման , թո΄ղ որ քայլեմ ես քո հետագծով ու քո ձեռքը բռնած. մենք ձեռք ձեռքի տված քնած մարդկության մեջ ի զորու ենք անգամ նոր արշալույս վառել:
Ցո΄ւյց տուր ուղին Աստծո, սովորեցրո΄ւ սիրել ու սիրուց իմ սերուցք քամել հույսի, լույսի ու նոր արշալույսի:
Ի΄նձ տուր Ձեռքը քո սուրբ, Մա΄յր Մարգարիտ….