Անժելիկա Սիմոնյան. Նամակ «Ավրորայի» հերոսին
Թոմ, ողջույն,
Փոփոխությունների քամի է մոտենում, բարեկամս: Այնքան լավատեսորեն եմ տրամադրված վերջին իրադարձություններին, որոնք, հավատում եմ, ոչ պակաս հուզել են նաև Ձեզ և լցրել խաղաղության սպասումով: Հուսով եմ արդեն կռահում եք, որ խոսքս ԱՄՆ իշխանությունների կողմից Սուդանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացման մասին է: Վեց ամիս հրադադար է լինելու Նուբայի լեռներում՝ որպես փորձաշրջան սուդանական իշխանությունների համար, որից հետո պատժամիջոցների վերացումը վերջնականապես կհաստատվի և տնտեսությունը կսկսի զարգանալ: Ծովը հանդարտվում է, իսկ նավավարը կարող է ճակատի քրտինքը սրբել:
Բարեկամս, բայց չկարծեք թե միամտացել եմ: Նորությունը բարի է իր մատուցման շրջանակներում ու հուսադրող մեր հոգիների խորքում: Պատժամիջոցները սահմանվեցին տերորիզմի դեմ պայքարելու նպատակով, բայց ծնեցին առավել մեծ հակամարտություններ մի երկրի ներսում: Մարդկանց կյանքերը դրվեցին հավասարության նժարին, իսկ Դուք ականատես եղաք թույլերի սպանդին: Միթե սա կարելի էր կոչել արդյունավետ պայքար և հիմա կարող ենք ակնկալել դրական արդյունքների: Չգիտեմ, իսկ երբ չեմ կարողանում գտնել հարցերիս պատասխանները, ինձ մոտ ծագում է մեղադրելու և ատելու ցանկություն, որը, սակայն, հանդարտվում է, երբ հիշում եմ Ձեզ, Թոմ:
Ձեր առաքելությունը միանշանակ է, բարեկամս, իսկ այս պատժամիջոցների կիրառման և վերացման նպատակահարմարությունը կասկածելի ու երկիմաստ: Դուք փրկում եք կյանքեր, իսկ այս դեպքում չեն կարող լինել տարմեկնաբանություններ: Ծնվում է միայն Ձեր օրինակին հետևելու ցանկություն: Ի վերջո ինչն է Ձեզ ուժ տալիս, Թոմ, միթե փայլուն բժշկական գիտելիքները, իհարկե ոչ: Դուք չեք սիրում Ձեզ`որպես բժշկի, այնքան, որքան սիրում եք բժշկությունը Ձեր մեջ: Դրա համար էլ հիվանդին նայում եք կարեկցանքով, վիրահատում հավատքով և խնամում սիրով:
Սակայն կյանքերի փրկությանը կհաջորդի բարենպաստ կյանքով ապրելու համար պայքարը: Սա մի մրցավազք է, որտեղ փրկվածները՝ իրենց սերունդները, մոռանում են փրկվելու բերկրանքը, ձգտում են արժանավայել կյանքի`մոռանալով արժանապատվությունը: Մենք վազում ենք կյանքի արահետով, որ հասնենք, բայց այնքան եմ վախենում, որ կանցնենք: Թոմ, իսկ Ձեզ հաջողվեց կանգնել ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում՝ կոտրելով երջանիկ և հաջողակ կյանքի մասին ձևավորված սին պատկերացումները:
Անկասկած արդեն նոր ժամանակաշրջան է սկսվում և նոր փորձություններ են սպասվում: Հիմա ավելի ուրախ եմ, որ Ձեր կողքին ունեք վստահելի ուղեկից՝ Նազիմային, ով կկիսի Ձեր առաքելությունը՝ հոգ տանելով Ձեր բարեկեցության մասին: Պարզապես հիշեք, որ ոչինչ հավերժ չէ՝ ոչ պատերազմը, ոչ խաղաղությունը, հավերժ է միայն այն արժեհամակարգը, որը Դուք այսօր ստեղծում եք:
Բարեկամս, գիտեմ, գովեստի խոսքերը կաշկանդում են Ձեզ, որովհետև Դուք չեք սիրում անձի պաշտամունքը, իսկ ես ամենաքիչը կուզենայի Ձեզ ձանձրացնել: Բայց ցանկանում եմ հիշեցնել Ձեզ մի մանկական խաղի մասին: Դուք երաժշտություն եք մտապահում և փորձում եք ռիթմիկ հարվածներով հասցնել այն Ձեր խաղընկերոջը, որ նա կռահի: Ինչքան հարվածում եք, երաժշտությունը այնքան բարձր է հնչում Ձեր գլխում, բայց Ձեր խաղընկերը միայն աղմուկ է լսում: Այսօր Դուք այդ խաղի հաղթողն եք, որովհետև Ձեր սրտի երաժշտությունը կարողացաք լսելի դարձնել ամբողջ աշխարհին: Այսուհետ մնացեք խաղաղությամբ և, խնդրում եմ, չհանձնվեք:
Հարգանքով և խորին երախտիքով Ձեր բարեկամ՝
ԱՍ