«Քրիստոնեական արժեքները շատ մեծ դեր խաղացին Հրանտ Դինքի կյանքում ու պայքարում». Ռենե Լևոնյան
Ստամբուլում շարունակվում են 10 տարի առաջ նահատակված խիզախ մտավորական, «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակի՝ «10 տարի առանց Հրանտի» խորագրով արարողությունները:
Կիրակի Ստամբուլի Հայ Առաքելական եկեղեցում տեղի կունենա Հրանտ Դինքի հոգեհանգստյան պատարագ, որից հետո ներկաները կայցելեն նրա գերեզմանին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ ավետարանական եկեղեցիների ավագ հովիվ, վերապատվելի Ռենե Լևոնյանը, ով ևս այս օրերին Ստամբուլում է՝ մասնակցելու Հրանտ Դինքի հիշատակի արարողություններին:
«Ուզեցի իմ հարգանքը դրսևորել Դինքի հիշատակին և այս օրերին լինել հայ համայնքի ու Ռաքել Դինքի կողքին: Ես ճանաչել եմ Հրանտ Դինքին 1980 թվականից, երբ ես ու տիկինս եկել էինք այստեղ՝ Թուլզայում գտնվող Հայ ավետարանական եկեղեցու «Արմեն» ճամբարի զարգացման ծրագրերով և Հրանտ Դինքը ճամբարի տնօրենի օգնականն էր: Սա այն ճամբարն է, որ թուրքական իշխանությունը տարիներ առաջ վերցրել էր՝ «հայ ազգայնականներ» պատրաստելու մեղադրանքով, բայց անցյալ տարի հետ տվեց երկարատև պայքարի արդյուքնում: Հրանտ Դինքը, ինչպես ինքն էր ասում, մեծացել է Հայ ավետարանական ծոցին մեջ, Ավետարանական եկեղեցու շենքում տեղակայված մանկատանը, և քրիստոնեական արժեքները շատ մեծ դեր խաղացին նրա կյանքում և այն պայքարում, որն ինքը իրականացրեց կյանքի վերջին 10-15 տարիների ընթացքում՝ ազդելով ընդհանուր շարժառիթների վրա»,-ասաց վերապատվելին: