Մարտական հերթապահություն անցած ծառայողների կրթությունը անվճար դարձնելը լավ հնարավորություն է հատկապես անապահով ընտանիքների համար. վերլուծաբան
«Ռազմինֆո»-ի վերլուծաբան Գարիկ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականին՝ ուղղված մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի ամբողջությամբ վճարման ծրագրի ներդրման ուղղությամբ ԿԳՆ-ի հետ աշխատանքի շարունակմանը: «Բանակում ծառայած մարտական հերթապահություն անցած զինծառայողների համար դա շատ լավ հնարավորություն է, որովհետև զինծառայությունից հետո տղաների մի մասը չի կարողանում ուսում ստանալ, քանի որ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնում»,-ասաց նա:
Չնայած դրան նա անդրադարձավ զորացրվածների շրջանում առկա բողոքներին, որ զինգրքույկներում չեն նշում մարտական հերթապահության մասին, ինչը պետք է ուղղել, քանի որ դա կարող է անհավասարության վերաբերյալ մտահոգություն թողնել:
«Դա հնարավորություն կտա անապահով ընտանիքների ծառայողներին հետագայում կրթություն ստանալ, որովհետև կրթության գինը մեզ մոտ բավական բարձր է և այդ հնարավորությունը շատ օգտակար կլինի և հավասարության գաղափարը կունենա: Կարծում եմ, որ այն տղաները ովքեր բանակում են անպայման կմեկնեն մարտական հերթապահության, քանի որ դա հնարավորություն կտա, որ նրանք հետագայում անվճար կրթություն ստանան»,-ասաց նա:
Գարիկ Հարությունյանը նշեց, որ եթե հնարավոր լիներ բանակային ծառայության ընթացքում զինծառայողներին օգնել որևէ ուսումնական ծրագրերով կամ գոնե մասնագիտական ուղղորդման հարցում, դա բավականին կարևոր կլիներ: Նա նաև կարևորեց հաշվի առնելով նորակոչիկների կրթական ցենզը նրանց գիտելիքները բանակում նպատակային օգտագործել և նշեց, որ, կարծես թե, վերջերս այդ ուղղությամբ կատարվում է աշխատանքներ: