Մամիկոն Ասլանյանն ամփոփել է իր 100 օրը, իր հրաժարականի պահանջով դիմումի մասին վարչապետի հետ չի խոսել
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին այսօր անդրադարձել է վանաձորյան ավագանուն առնչվող «հայտնի պրոցեսին»` իր հրաժարականի պահանջին և վերահաստատել իր հայտնի դիրքորոշումը, որ հրաժարական չի տալու։
Հարցին, թե եթե կառավարությունը, այնուամենայնիվ որոշում ընդունի լուծարել ավագանին և Վանաձորի քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնել, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց.«Կառավարության պատասխանը հենց լինի, նոր այդ մասին կխոսենք, որովհետև եթե կառավարության որոշումը չկա, ես ոնց կարող եմ խոսել»:
Հարցին,ն թե որտեղից նման ինքնավստահություն, արդյոք պատասխանի հնարավոր բովանդակության մասին խոսել է օրերս Վանաձոր այցելած վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց։«Մենք այդ թեմայով չենք խոսել, մենք ավելի լուրջ, ավելի առարկայական հարցերի մասին էինք խոսում` Վանաձորի ապագայի, Վանաձորի ներդրումային դաշտի, տնտեսական խնդիրների»:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հունվարի 10-ին դիմել էին կառավարություն` Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու դիմումով:
Հարցին, թե համարու՞մ է արդյոք Մամիկոն Ասլանյանը, որ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում լիարժեք աշխատել է` Վանաձորի ավագանու կաթվածահար վիճակում, վերջինս ասաց, որ որքանով թույլ է տվել օրենքը` աշխատել է ուժերի ներածին չափով։