Եթե զգամ, որ ԱԺ–ում ավելի շատ բան կարող եմ անել, քան ԱԺ–ից դուրս, բնականաբար կմասնակցեմ ընտրություններին. Հայկ Մարության (տեսանյութ)
Դերասան Հայկ Մարությանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացնելու է դիտորդական առաքելություն։ Այս մասին լրագրողների հետ զրուցում նշեց դերասանը, ով մասնակցում էր «Ելք» դաշինքի անդրանիկ նիստին ՝որպեսզ աջակից։
«Ես ոչ մի կուսակցության չեմ անդամակցում, դա ինձ հնարավորություն է տալիս ավելի անաչառ լինել և քաղաքացիների տեսանկյունից դիտել ամեն ինչին»,- մանրամասնեց նա։
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ առանց կուսակցական լինելու էլ կարող է առաջադրվել կուսակցությունների ցուցակում, Հայկ Մարությանը նշեց, որ հետագայում չի բացառվում, որ ցանկություն կունենա պատգամավոր դառնալ։
«Առայժմ ցուցակում լինելու նպատակներ չունեմ, եթե ես զգամ, որ ԱԺ–ում ավելի շատ բան կարող եմ անել, քան ԱԺ–ից դուրս, բնականաբար, որոշումս այդպիսին կարող է լինել»,– ասաց նա։
Հայկ Մարությանը մանրամասնեց, որ ընտրությունների ժամանակ ժողովուրդը կարող է վրեժխնդիր լինել իշխանություններից, դրա համար կարևոր է նաև ընտրակաշառք վերցնելու սովորությունից ձերբազատվելը։
Հայկ Մարությանը վստահեցրեց, որ իր հայացքների համար աշխատանքային խնդիրներ չի ունենում։
«Կարելի է ստեղծագործական աշխատանքը շարունակել հեռուստատեսությունից դուրս, բայց այդպիսի բան մինչ այժմ չեմ նկատել, չկան խոչընդոտներ, որովհետև իմաստ դրա մեջ չկա, երևի։ Չլինես հեռուստատեսությունում, կարող ես թատրոնում ներկայացում տալ, չլինես թատրոնում, կարող ես կինո նկարել, չլինես կինոյում, կարող ես գնալ արտասահման, այնտեղ կինո նկարել և ցուցադրել այստեղ...»,- մանրամասնեց նա։