ՀՀ ոստիկանապետի՝ ՊՊԾ գունդ այցի ընթացքում ներկայացվել են զինված հանցագործների վնասազերծման վարժանքներ (լուսանկարներ)
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Գնդի հրամանատարի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմել է ծառայողներին, ապա անդրադառնալով հուլիսյան դրամատիկ իրադարձություններին՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկանների հիշատակին:
Այնուհետև ոստիկանության պետը ծանոթացել է ծառայության պայմաններին, ստուգել է հատուկ տեխնիկան ու տրանսպորտային միջոցները, ցուցումներ տվեց պատասխանատուներին:
Վլադիմիր Գասպարյանին և նրան ուղեկցող սպաներին ներկայացվել է մասնագիտական վարժանքների համալիր՝ բաղկացած երկու մասից:
Առաջին մասում պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ խմբերն իրականացրել են զինված հանցագործների վնասազերծման գործողություններ շինության ներսում և տրանսպորտային միջոցների ընթացքի կասեցումով, ինչին հետևել է ձերբակալումն ու ուղեկցումը:
Վարժանքների երկրորդ փուլն ընդգրկել է ձեռնամարտի և զենքի կիրառման գործողությունների համալիր:
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների հետ քննարկել է ստորաբաժանման պատրաստականությունը, ներկայացրել իր դիտարկումներն ու դիտողությունները: