Կարծում եմ, որ դա շատ վտանգավոր ազդանշան է. Կարեն Միրզոյանը ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձի մասին
Խոսել ենք Արցախի և Եվրամիության հետ հարաբերությունների մասին. լրագրողների հետ զրույցում ներկայացնելով ԵՄ հատուկ հանձնակատար Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ քննարկված թեմաները՝ ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ նշելով, որ չէին կարող շրջանցել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակի թեման:
«Այդ համատեքստում մենք կարևորեցինք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ և անպայման կատարումը: Անդրադարձել ենք նաև մի շարք այլ հարցերի, որոնք օրակարգային են մեր հանդիպումների համար»,- ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե ինչ կարող է ասել հակառակորդի կողմից ձեռնարկած այսօրվա դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, պատասխանեց . « Գիտե՞ք, ես չեմ տիրապետում ամբողջ տեղեկատվությանը: Տեղյակ եմ տեղի ունեցածից, իհարկե: Կարծում եմ, որ դա շատ վտանգավոր ազդանշան է, վտանգավոր զարգացում է և ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքանով է կարևոր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների անհապաղ կատարումը»:
Tert.am-ի դիտարկմանը, որ վաղը նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, ինչ առաջնահերթություններ են քննարկվելու հանդիպման ժամանակ, Կարեն Միրզոյանն պատասխանեց. «Առաջիկա շաբաթում համանախագահները ժամանելու են Արցախ: Մենք ներկայացնելու ենք մեր գնահատականը վերջին հանդիպումից անցած ժամանակահատվածում տեղի ունեցածի վերաբերյալ, մեր մոտեցումները, մեր կարծիքները, կարծում եմ՝ ինչպես միշտ խոսակցությունը կընթանա շատ բաց և գործնական մթնոլորտում»:
Tert.am-ի մյուս հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ կբարձրաձայնվի Արցախի՝ որպես բանակցային կողմ մասնակցելու հարցը, ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանեց. «Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է: Տեղի ունեցող զարգացումները, իրադարձությունները ևս մեկ անգամ փաստում են, որ առանց Արցախի լիակատար մասնակցությանը բանակցային գործընթացին՝ խոսել որևէ իրական առաջընթացի մասին, ուղղակի իրատեսական չէ»: