Հարցրեք իրենց. ԲՀԿ մամուլի խոսնակը կառավարության ծրագրին կողմ քվեարկած իր կուսակիցների մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վանիկ Էլիզբարյանն առաջարկում է վարչապետի ծրագրին կողմ քվեարկած ԲՀԿ-ականներից հարցնել, թե ինչու են կողմ քվեարկել ծրագրին`չնայած խմբակցության որոշմանը` չքվեարկել:
«Այո՛, Դուք ճիշտ եք, խմբակցությունն ուներ որոշում, որ «Բարգավաճ Հայաստանը» չի քվեարկելու Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին, այդ նույն որոշումը ԱԺ-ում բարձրաձայնեց Միքայել Մելքումյանը, իսկ թե ինչու են մեր երկու կուսակցականները քվեարկել կողմ, կարծում եմ` այդ հարցով պիտի դիմեք իրենց»,-ասաց Վանիկ Էլիզբարյանը:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Կարեն Կարապետյանի ծրագրի քվեարկության ժամանակ չնայած ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու կառավարության ծրագրի քվեարկությանը, կուսակցության որոշ անդամներ կողմ քվեարկեցին կառավարության ծրագրին: Մասնավորապես` Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին կողմ է քվեարկել Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ անդամ Մուրադ Գուլոյանը և ապակյա տարաների բիզնեսով զբաղվող Մելիք Մանուկյանը:
Հարցին, թե հիշյալ պատգամավորները կենթարկվեն ինչ-որ տույժերի, Վանիկ Էլիզաբարյանն ասաց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել այս պահին, ամեն դեպքում, մենք կփորձենք իրենց մոտեցումը հասկանալ, թե ինչու իրենք կողմ քվեարկեցին»:
Ինչ վերաբերում է նրան, որ ծրագրի ներկայացման եզրափակման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անվանեց «Բարգավաճ Հանրապետական» կուսակցություն, ապա Վանիկ Էլիզբարյանն ասաց, որ չարժե վարչապետի լեզվի սայթաքումը դարձնել լրատվականների «թոփ» նյութ: