ՀՀԿ ԳՄ-ն հաստատել է առաջիկա համագումարի օրակարգը
Այսօր տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀԿ ԳՄ-ն միաձայն հաստատել է նոյեմբերի 26-ին նշանակված 16-րդ համագումարի օրակարգը:
«Որտեղ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա հաշվետու ելույթով, կընտրվի ՀՀԿ նախագահ և ՀՀԿ գործադիր մարմին, ինչպես նաև համագումարում կընդունվի բանաձև»,- մանրամասնեց Շարմազանովը:
Մինչև նոյեմբերի 26-ը համագումարի պատվիրակներին կբաժանվի սպասվող փոփոխությունների նախագիծը:
Հարցին՝ արդեն հրավիրվե՞լ են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՀԿ համագումարին, ՀՀԿ խոսնակը պատասխանեց՝ խորհուրդ տալով ինտրիգներ չփնտրել:
Իսկ ՀՀԿ միջազգային գործընկերներից ներկա կլինեն ԵԺԿ-ի, «Միասնական Ռուսաստանի» և Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները:
Լրագրողներից մեկի հարցին, թե ՀՀԿ նախագահի ընտրության ժամանակ հնարավոր է, որ այլ թեկնածու առաջադրվի, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դու քո տված հարցին հավատո՞ւմ ես,- ապա ավելացրեց,- ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»։