Բուն բանակցություններ, որտեղ կդրվի ԼՂ կարգավիճակի հարցը, չկան. արցախցի պատգամավոր
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համարժեք ու իրավացի առաջարկներ դեռևս սեղանին չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն՝ անդրադառնալով Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հայտարարությանը, որ համարժեք ու իրավացի փոխզիջումներն անհրաժեշտ են:
«Մենք մի բան ենք հասկանում իրավացի փոխզիջումների տակ, հակառակորդն այլ բան է հասկանում: Բայց զիջումների, փոխզիջումների մասին խոսք գնալ չի կարող, որովհետև Ադրբեջանը միակողմանի զիջումներ է պահանջում, ինչը բացառվում է»,- ասաց Արցախցի պատգամավորը:
Հարցին՝ արդյոք փոխզիջումները տարածքային բնույթ կունենա՞ն, Վարդգես Բաղրյանը բացասական պատասխան տվեց. ասաց, որ տարածքային որևէ փոխզիջում ժամանակավրեպ է:
«Ինչի՞ համար, ինչի՞ դիմաց տարածքներ պետք է տանք: Մենք անհամեմատ ավելի շատ բան ունենք պահանջելու ու ստանալու: Չի լինելու նման բան... Արցախի նախագահը վերջերս շրջաններում հանդիպումներ ունեցավ ու գյուղացիներին հորդորեց, որ լավ բերք ստանան, կրկնապատկեն, քառապատկեն ջանքերը, որովհետև դա մեր երկիրն է, մեր հողերն են: Այնպես որ, մենք չենք պատրաստվում դրանք զիջել, գեղեցիկ աչքերի համար տալ մեր հակառակորդին»,- նշեց ԼՂ ԱԺ պատգամավորը:
Վարդգես Բաղրյանի խոսքով՝ բանակցություններ են ընթանում ու «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ չէ համաձայնեցված»:
«Ադրբեջանը չի ուզում բանակցել մեզ հետ: Վերջին մի քանի հանդիպումները բանակցություններ չէին, նախագահների հանդիպումներ էին, որտեղ թիվ մեկ խնդիրն այն էր, որ մարտական գործողությունները չսկսվեն: Բայց բուն բանակցություններ, որտեղ կդրվի ԼՂ կարգավիճակի հարցը, չկան»,- ասաց նա՝ շեշտելով, որ առանց Ղարաբաղի մասնակցության կարգավիճակի հարցը լուծվել չի կարող: